Foto

Սովորական գրագողությո՞ւն, թե՞ շարքային խաբեություն

Դեռ մի օր էլ չի անցել ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո» ճակատի լոգոյի ներկայացումից, բայց պարզվեց, որ այն սովորական գրագողություն է, որն արժե 3մլն դրամ: Հավատացնում եմ, որ էականը 3 միլիոնը չէ, այլ այն, որ իշխող քաղաքական թիմը նույնիսկ սովորական ստեղծագործական մրցույթ անցկացնելու ունակություն չունի:

Էականը նույնիսկ այն չէ, որ մրցույթին ներկայացված աշխատանքը «ծագում» է հեռավոր 1991 թվականի անկախության հանրաքվեից: Ճակատի շտաբը շուրջ 200 առաջարկներից հենց սրա «ճակատն է պաչել» և հիմա էլ փնտրում է իրական հեղինակին: Վերջին գրեթե երկու տարիների ընթացքում քանի՞ այսպիսի զավեշտալի իրողություն ենք տեսել, որքա՞ն անհեթեթություններ են կատարվել այս քաղաքական թիմի մակերեսային մտածողության ու անլուրջ գործունեության արդյունքում: Ստացվում է, որ յուրաքանչյուր արկածախնդիր կարող է այս քաղաքական թիմին գեղեցիկ փաթեթավորմամբ առաջարկություն անել, և «կուտն» անմիջապես ուտում են: Այդպես մատից ծծած մեղադրանքով նախագահ են կալանավորում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար են պաշտոնանկ անում, Արցախի իշխանությունների մեջ թշնամի, իսկ ադրբեջանում «կիրթ մարդ» փնտրում: Չի բացառվում, որ «Իմ քայլում» նույնպիսի պարզամտությամբ և անվերապահորեն հավատացել են Վահե Գրիգորյանի «խորհրդավոր» նամակին ու հիմա այդ կույր հավատով ՍԴ անդամների դեմ հանրաքվե են անում, իրենց հերթին պողոսների բանակին հավատացնելով իրենց քայլերի ճշմարտացիության և արդարության մեջ:

Այստեղ ծագում է թերևս ամենակարևոր հարցը, որտե՞ղ է այս խաղատախտակին ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Նա հավատացնողների՞, թե՞ հավատացողների ճամբարում է: Երկու դեպքում էլ մենք տանուլ ենք տալի:

Հեղինակ: Eduard Saribekyan