Foto

Երբ խաղն ավարտվում է, բոլոր ֆիգուրները հայտնվում են նույն տուփի մեջ

«Նրանք, ովքեր փորձում են առանձնացնել քաղաքականությունն ու բարոյականությունը, իրականում ո՛չ մեկից են բան հասկանում, ո՛չ մյուսից»

Ջոն Մորլի (1838-1923թթ․), անգլիացի քաղաքական գործիչ

 

Հայաստանի քաղաքական գործընթացներն արդեն պետք է քննարկել ոչ միայն քաղաքական դիտանկյունից, այլ՝ բարոյահոգեբանական: Երբ «հեղափոխական» դիսկուրսը մուտք է գործում հայհոյանքների, սպառնալիքների տիրույթ, ապա կշռադատված և հիմնավորված խոսքի նշանակությունը կորցնում է ուժը։ Մենք արդեն գործ ունենք մի այնպիսի իրականության հետ, որտեղ անիմաստ է դառնում ապագայի շուրջ տեսակետներ հայտնելը։ Խոսքն ուղղակիորեն կորցնում է իր նշանակությունը և առաջ են գալիս բոլորովին այլ խնդիրներ։

 

«Խելացի բռնակալների քաղաքականությունը կայանում է նրանում, որպեսզի իրենց ամենաթողությանը ամբոխահաճո տեսք տան»։

Թոմաս Մաքոլեյ (1800-1859թթ․), անգլիացի գրող ու պետական գործիչ

 

Մենք արդեն ստիպված ենք քննարկել էքզիստենցիալ` գոյաբանական հարցեր: Արդյոք այսօրվա հայ հասարակությանը կարելի՞ է համարել մեկ ընդհանրություն, որն ունի հոգևոր ու որպես հետևանք՝ քաղաքական արժեքային միասնություն, թե՞, այնուամենայնիվ, ատելության վիհը մեզ բաժանել է տարբեր անհամատեղելի հատվածների: Արդյոք մեզ արդեն չե՞ն բաժանում «Ճշմարտության» մասին խորապես տարբեր պատկերացումները: Այստեղ խնդիրը «սևերն» ու «սպիտակները» չեն, թալանն ու անարդարությունները չեն, դրանք բնորոշ են եղել կամ բնորոշ են բոլոր հասարակություններին ու բոլոր հասարակություններն այս կամ այն կերպ այդ վիճակները հաղթահարել են։ Խնդիրը կարծես թե ավելի խորն է։ «Հեղափոխությունն» ընդամենը կատալիզատոր էր, որպեսզի տարբեր «ճշմարտություններ» կրողները միմյանց առերեսվեին էքստրեմալ իրավիճակում։

 

«Քաղաքական գործիչը նա է, ով իր ձայնը շփոթում է ժողովրդի ձայնի հետ»։

Ջոն Հովարդ (1926- 1790թթ․), անգլիացի իրավաբան

 

Մարդկանց տարբեր խմբեր, որոնք ունեն իրարից տարբերվող «ճշմարտություններ»` տարբեր քաղաքակրթական ենթամշակույթներ, արդյոք կարո՞ղ են միասին ապրել պետական տանիքի տակ, թե՞ արդեն անհամատեղելիությունը մոտեցել է կարմիր գծերին։

Եթե այդ տեսակետից մոտենանք հարցին, ապա հիմնական խնդիրը, որն արժե այսօր քննարկել, քաղաքականության ու բարոյականության համատեղելիության հարցն է։

 

«Որպեսզի շատ վեր բարձրանալ, պետք է շատ խորը ընկնել»

Ջորջ Գալիֆաքս (1633—1695թթ․), անգլիացի քաղաքական գործիչ և գրող

 

Անկախությունից ի վեր Հայաստանում քաղաքականությունը և բարոյականությունը տարբեր ճանապարհներով են ընթացել և հազվադեպ են միմյանց հատվել։ Իշխանություն ունենալու համար պայքարը միշտ շահագործել է բարոյականությունը հակառակորդներին սևացնելու, ժողովրդի առջև թշնամու կերպար կերտելու՝ դեմոնացնելու և դրանով հանրությանն օգտագործելու, սեփական նպատակներին հասնելու համար։ Դրա համար ժողովրդի ամբողջական շերտերի վարկաբեկման համար օգտագործվել են «ոչնչացնող» պիտակներ։

1990-ականներից ի վեր, երբ հիմնական քաղաքական պայքարը ընթանում էր ՀՀՇ-ի ու ՀՅԴ-ի միջև, Տեր-Պետրոսյանը, ինքը լինելով սփյուռքահայի որդի, դաշնակցականներին կոչեց «նարինջ ուտողներ» (խոսքը «ախպարներին» էր վերաբերում), ըստ էության փորձեց բոլոր սփյուռքահայերի հանդեպ բացասական կերպար ձևավորել, իսկ հաջորդ փուլում, երբ դաշնակցականները Արցախում որոշիչ դիրքեր զբաղեցրեցին, առաջ քաշեց «հայաստանցի-ղարաբաղցի» դիմակայության մասին թեզը։

 

«Խիղճը և մեծ հաջողությունը միշտ անհամատեղելի են եղել»

Կարդինալ Ժան Ֆրանսուա դը Ռեզ (1613-1679թթ․), ֆրանսիացի քաղաքական գործիչ և գրող

 

Պետականության կերտման ճանապարհին հիմնական խնդիրներից մեկը տարբեր էթնոսներին, սուբէթնոսների կամ կրոնական ու ենթամշակութային շերտերին ձուլման պետական քաղաքականությունն է եղել։ Կառուցել պետություն, նշանակում է ձևավորել քաղաքական ազգ, որի հիմնական գործիքներն են միասնական լեզուն, միասնական մշակույթը ու դրանց ծառայող քաղաքական ու կրթական համակարգերը։

Հայաստանն այն եզակի հանրույթներից է, որտեղ, ըստ էության, նման խնդիրներ գոյություն չունեն։ Մենք միատար ժողովուրդ ենք, սակայն քաղաքական էգոիզմի ու անպատասխանատվության պատճառով 90-ականներից սկսած միշտ երկրի ներսում փորձ է արվել քաշել բաժանարար գծեր ու մարդկանց այս կամ այն խմբերին հայտարարել թշնամի։ Սերժ Սարգսյանի համար բաժանարար գծերը գծվում էին ըստ կրոնական պատկանելության՝ ԱԺ բարձր ամբիոնից իշխող քաղաքական ուժի պատասխանատուները առաջ էին քաշում «ով հայ առաքելական չէ, նա հայ չէ» միջնադարյան թեզը։ Դա նույնպես քաղաքական պատճառներ ուներ՝ հանրությանը պետք էր բաժանել խմբերի ու մի մասին հայտարարել «ազգային վտանգ» մյուս մասի մոտ լեգիտիմություն ձեռք բերելու համար։

 

«Որպեսզի տիրի, քաղաքական գործիչը ներկայանում է որպես ժողովրդի ծառա»

Շարլ Դը Գոլ, ֆրանսիայի 18-րդ նախագահ

 

«Հեղափոխությունից» հետո կարծես թե պետք է իրավիճակը փոխվեր և հանրությունը՝ հանուն մեծ նպատակների, պետք է գնար դեպի համերաշխություն, սակայն թշնամական հատվածների բաժանելու քաղաքականությունը աննախադեպ չափերի է հասել։ Ո՞րն է պատճառը։ Պատճառը կարծես թե ակնհայտ է՝ մենք գնում ենք տրորված ճանապարհով։ Երբ չկան միասնական գաղափարներ, չկա տեսլական, չկան համոզիչ ապագայի նախագծեր, ապա իշխանությունը պահելու համար կա միակ ճանապարհ, որի վրա կրթվել են այսօրվա «հեղափոխականները»։ 2008-ի պայքարը ընթանում էր «թաթար-մոնղոլներ» դեմ, որի տակ հասկանում էին «Հայաստանը տիրած ղարաբաղցիներին» և նրանց մոտ «ծառայության» անցած «ավազակապետերին», որոնց անունները հատ առ հատ թվարկում էր Տեր-Պետրոսյանը և որի կողքին՝ հարթակում, կանգնած էին «ավազակապետության և ընտրությունների կեղծման հիմնադիր հայրերը, ժողովրդին «թալանողները»։ Իրականությունն այն էր, որ բարիկադների երկու կողմերում էլ կային նույն կերպարները, նաև մարդիկ, որոնք անկեղծ մղումներով փոփոխություններ էին ցանկանում։ Ատելության մեծ դոզան հանգեցրեց արյան։ Հիմա նորից նույնն է կատարվում և հետևանքները կարող են նմանատիպ լինել։

 

«Որտեղ «գործ տվողները» պարգևատրվում են, այնտեղ մեղավորների պակաս չի զգացվի»

Կրետեն Գիյոմ դը Լամուանիոն դը Մալզերբ (1721-1794թթ․), Լուի 16-րդ թագավորի փաստաբան

 

Երբ իշխող ուժը փորձում է հանրությանը բաժանել թշնամական հատվածների ու դրա համար խթանում է ատելության թափանիվը, ապա նման մոտեցումը չի կարող երկար ժամանակ հաջողության հանգեցնել։ Երբ փորձ է արվում հանրության մի մասի մոտ լեգիտիմություն ձեռք բերել՝ մյուս մասին թշնամի հայտարարելու հաշվին, ապա, ըստ կարուսելի օրենքի, իրավիճակը հաջորդ փուլում շրջվելու է։ Կարող է գալ պահ, երբ այդ թափանիվն այլևս կանգնեցնել չի ստացվի, և իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից։ Մենք արդեն տեսել ենք, որ նման քաղաքականությունը չի կարող հաջողության հանգեցնել, առավել ևս, որ Հայաստանի երեսնամյա քաղաքական փորձը ցույց է տալիս, որ ոչ ոք պաշտպանված չէ, այսօր նախագահ կամ վարչապետ ես, վաղը կարող ես հայտնվել պատժախցում։ Ժամանակին «սևերը» դաշնակցականներն էին, հետո՝ ղարաբաղցիները, հետո՝ «հող հանձնող» լևոնականները, հետո՝ «աղանդավորականները», հետո՝ «հակահեղափոխականները», հետո, երբ իշխանությունը փոխվի, «սևեր» կհայտարարվեն «օտարների լրտեսներն» և «հող հանձնող հեղափոխականները», և այդպես շարունակ։

Հանրությանը թշնամական հատվածների բաժանման քաղաքականությունը ցանկացած պարագայում տապալվելու է, սակայն դրա գինը մենք բոլորս ենք վճարելու։

 

«Երբ խաղը ավարտվում է, բոլոր ֆիգուրները` զինվորները, նավակները, թագուհին ու թագավորը հայտնվում են նույն տուփի մեջ»

Իրվին Յալոմ (1931թ․ ), ամերիկացի հոգեբան ու հոգեբույժ

 

Ստեփան Դանիելյան

Աղբյուր՝ Պոլիտէկոնոմիա