Foto

«Ժողովուրդ». Ովքե՞ր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայկական մամուլում եւ սոցցանցերում չեն դադարում քննարկել փետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Այդ օրը երկու երկրների ղեկավարները «մենամարտեցին» ղարաբաղյան հակամարտության թեմայով, ներկայացրին խնդրի պատմական նախադրյալների վերաբերյալ իրենց փաստարկներն ու մտքերը։ Եվ հանդիպումից հետո լայնորեն քննարկվում է՝ ով էր ավելի շահեկան վիճակում: Իհարկե, պարզ է, որ նման բարդ ու ծանր թեման, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է, ավելի լավ պատրաստվածություն է պահանջում, ինչը, ընդդիմադիրների խոսքերով, ՀՀ վարչապետի մոտ բացակայում էր:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ հասկանալու համար, թե ովքեր են ՀՀ վարչապետին օգնել նախապատրաստվել հանդիպմանը, ովքեր են նրան տեղեկանք տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով: Մենք նաեւ հետաքրքրվել էինք՝ արդյոք խորհրդատվական առումով վարչապետը ունեցել է օգնական, թե հանդիպմանը պատրաստվել է ինքնուրույն:

Եվ, ահա, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի կողմից ստացանք հետեւյալ պատասխանը. «ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ յուրաքանչյուր հանրային միջոցառմանն ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են բուն խաղաղ գործընթացի մասնակիցները, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության տեղեկատվական աշխատանքների համար պատասխանատու բոլոր օղակները»:

Արդյոք պատասխանատու բոլոր օղակները կատարել էին իրենց աշխատանքը, թե ոչ՝ ցույց տվեց մյունխենյան հանդիպումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում