Foto

Մյունխենյան սկզբունքները դիրքորոշումը չեն փոխում, լրացնում են. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանում եւ Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի մյունխենյան բանավեճին արձագանքի տարբերությունը կապված է հարեւան երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրների հետ: Այս մասին փետրվարի 24-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով հանդիպման արձագանքները եւ բուն Հայաստանին ուղղված մեծ թվով քննադատական դիտողությունները:

Խոսելով իր՝ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «մյունխենյան սկզբունքներ» տերմինի մասին՝ նախարարը պարզաբանեց, որ այս ձեւակերպումը լիովին արտացոլում է այն, ինչի մասին խոսվել է առաջնորդների հանդիպմանը: Նախարարի խոսքով՝ մյունխենյան սկզբունքները դիրքորոշումը չեն փոխում, այլ լրացնում են: Ընդ որում՝ նախարարը շեշտեց, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չի կարող անտեսվել: «Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո խաղաղ կարգավորմանը: Եվ հակամարտության կարգավորման վրա կաշխատի այս գործընթացի շրջանակում»,- նշեց նախարարը՝ հիշեցնելով նախկինում բազմիցս վարչապետի արտահայտած դիրքորոշումը, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Ուստի միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող: «Փոխզիջումային հասկացությունը փոխադարձ է»,- նշեց ԱԳ նախարարը՝ մատնացույց անելով ավելի սուր հարցը՝ անվտանգության իրական համակարգը, որն ուղղակիորեն կապված է կարգավիճակի հետ:

Ինչ վերաբերում է հանդիպման բուն ձեւաչափին, ապա նախարարն այն դրական է գնահատում, որպես հրապարակայնորեն հանդիպելու եւ քննարկելու հնարավորություն: «Անցյալ տարի լրագրողների փոխանակման ձեւով համեստ արդյունք եղավ: Դա հնարավորություն տվեց մտածելու այդ ուղղությամբ շարունակելու մասին: Եվ յուրաքանչյուր հատված կարող է իր դերը խաղալ»,- նշեց ԱԳ նախարարը:

Աղբյուր՝ News.am