Foto

Ի՞նչ է արձանագրում Արման Թաթոյանը հանրաքվեից առաջ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանրաքվեի գործընթացի վերաբերյալ հայտարարություն է տարածել: Առաջին հայացքից բնկան երևույթ է՝ երկրում խոշորածավալ գործընթաց է սկսվում և նման հայտարարություններն արտառոց չեն: Բայց հայտարարության բովանդակությունն այն այլ որակական հարթություն է տեղափոխում: ՄԻՊ-ն իր հայտարարության մեջ ըստ էության չի հերքում այն կարծիքները, որ այս գործընթացում առկա է հանրաքվեի անցկացման սահմանադրականության հարց, վիճելի է նպատակահարմարությունը և հանրաքվեն դիտարկում է որպես քաղաքացիների իրավունքների հետ անմիջականորեն կապված օբյեկտիվ իրողություն:

Այդուամենայնիվ Մարդու իրավունքների պաշտպանը հստակ նախանշում է այն խոցելի տեղերը կամ եթե կուզեք՝ թիրախները, որոնց ուղղված են լինելու ՄԻՊ գրասենյակի դիտարկումները:

Դրանք են՝

  • Իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, լրագրողների նկատմամբ վերաբերմունքը, նրանց անխոչնդոտ աշխատանքը:
  • Վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող ու ատելության խոսքի հետ կապված հարցերը:
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց իրենց կարգավիճակից բխող գործողությունների օրինաչափությունը:

Միաժամանակ ՄԻՊ-ը կոչ է անում հանրաքվեի գործընթացին մասնակցող կամ չմասնակցող բոլոր կողմերին, ինչպես նաև սոցիալական մեդիայի բոլոր օգտատերերին՝ զերծ մնալ վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ այդպիսիք խրախուսող խոսքից կամ հայտարարություններից, ինչպես նաև նման քննարկումների ներքաշվելուց:

Պատրաստ եմ համաձայնել, որ հայտարարությունն ուղղված է և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը: Բայց նկատե՛ք, հայտարարության մեջ խոսք չի գնում կորոնավիրուսի կամ համաշխարհային միջուկային սպառնալիքի մասին, այլ սևով սպիտակի վրա արձանագրված է այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որ տիրում է երկրում: Սա եզակի փաստագրում է այն մեկնարկային վիճակի, որի պայմաններում անց է կացվում քարոզչություն և տեղի է ունենալու քվեարկություն: Այսինքն, վտանգված է կամ կարող է վտանգվել  լրատվամիջոցների և լրագրողների անխոչնդոտ աշխատանքը, առկա է ատելության խոսք և դրա խրախուսում, հանրային պաշտոնյաները փորձում են իրենց պաշտոնեական դիրքը գործադրել որոշակի քարոզչության համար և այլն:

Թե այս ամենի ենթատեքստում ինչպե՞ս են ընկալվում ասֆալտին փռելու, թաթիկները կոտրելու կոչերը կամ «սանիկ» օպերացիաները, թող մնա որպես հռետորական հարց:

Արձանագրենք այս հանգրվանն ու անցնենք առաջ:

Հ.Գ.

Ես ՄԻՊ փաստաբանը կամ «թրգմանիչը» չեմ, ուղղակի այդպես եմ ընկալում այս հայտարարությունը:

Հեղինակ: Eduard Saribekyan