Foto

Որոշումը չպետք է հիմնվի խտրականության վրա՝ ամերիկացի փորձագետը Հայոց պատմություն առարկայի դասավանդման մասին

Աշխարհում կրոնական ազատությունների վերաբերյալ Միացյալ Նահագների հանձնաժողովի հովանու ներքո ԱՄՆ Սենատում ընթացավ քննարկում կրոնական ազատությունների ու անվտանգության խնդիրների փոխկապակցվածության շուրջ: Անդրադարձ եղավ նաև Հայաստանին

Կրոնական ազատության ու անվտանգության փոխկապակցվածության մասին օրերս քննարկում ընթացավ ԱՄՆ Սենատում Աշխարհում կրոնական ազատությունների վերաբերյալ Միացյալ Նահագների հանձնաժողովի հովանու ներքո: Քննարկման բանախոս ԵԱՀԿ-ն ներկայացնող ավագ խորհրդական Քիշան Մանոչը հնչեցրեց ԵԱՀԿ-ի անհանգստությունն այս առիթով:

«ԵԱՀԿ անդամ շատ երկրներ օգտագործում են անվտանգության փաստարկը մարդու կրոնական ազատության կամ համայնքների ազատ դավանանքի իրավունքների սահմանափակման համար»,- հայտարարեց ԵԱՀԿ-ի կրոնական ազատություների հարցով ավագ խորհրդական Քիշան Մանոչը

Այս խնդրի շուրջ ԵԱՀԿ անցած տարվա զեկույցը տալիս է կազմակերպության միանշանակ դիրքորոշումը՝ իր անդամ երկրների անվտանգության հարցերով մտահոգությունները չպետք է առիթ դառնան մարդկանց կրոնական ազատությունների սահմանափակման համար:

ԱՄՆ պետքարտուղարությունը ևս կիսում է այս մոտեցումը: Ավելին, քննարկմանն այս գերատեսչության ներկայացուցիչ Դուգլաս Փաթգեթը կոչ է անում բացառել կրոնական ազատության իրավունքների ու անվտանգության մտահոգությունների միջև հավասարակշռության պահպանման մոտեցումը:

«Այս իմաստով հավասարկշկության պահպանման մասին մոտեցումները ապակողմնորոշիչ են»,- ընդգծում է Փաթգեթը:

Նրա կարծիքով կրոնական ազատությունների պաշտպանությունը զգալիորեն նպաստում է կայուն անվտանգության ապահովմանը:

«Մենք ցանկանում ենք երկխոսել, թե ինչպես հասնել կայուն անվտանգությանը կրոնական և այլ ազատությունների ապահովմամբ և պաշտպանությամբ, այլ ոչ թե դրանց հավասարակշռության միջոցով անվտանգության մտահոգությունների հետ»,- նշում է նա:

Քննարկմանն անդրադարձ եղավ նաև կրթության ոլորտի ու կրոնական ազատությունների հիմնախնդիրներին: Միջոցառման բանախոս պրոֆեսոր Էլիզաբեթ Քլարկն անդրադարձավ նաև Հայաստանում վերջին շրջանում ծավալված Հայոց եկեղեցու պատմություն առարկայի՝ հանրային դպրոցներում դասավանդման հարցին: Բանախոսն ընդգծում է խտրականության բացառման կարևորությունը:

«Անկախ նրանից, թե ինչպիսի լուծում կտա համակարգն այս հարցին, կարևոր է, որ այն չունենա խտրականության հիմքեր: Հաճախ պետությունն անդրադառնում է հասարակությանն ամենամեծ խմբի կրթության ոլորտի կարիքներին՝ առանց հաշվի առնելու թե ինչպես է դա անդրադառնալու կրոնական փոքրամասնությունների վրա կամ ինչպես է պաշտպանելու կրոնական ազատությունները դպրոցներում»,-նշում է Քլարկը:

Բանախոսները վստահ են, որ ընդհանուր առմամբ կրթությունը մեծ դեր ունի անվտանգության հարցում, ուստի երկրները պետք է բացառեն կրոնական ծայրահեղականության ու խտրականության դրսևրումները կրթական ոլորտներում ու դասագրքերում: Որպես լավ օրինակներ այս առումով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հիշատակեց Իրաքի Քրդստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի օրինակները, որտեղ ծայրահեղականության ու խտրականության բառապաշարի վերացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել: