Foto

Ֆինանսական աջակցություն կտրամադրի ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցություններին ու դաշինքներին

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցություններին ու դաշինքներին:
«Նախագծով առաջարկվում է հաստատել Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար 2020թ. բյուջեով հատկացված միջոցների ցուցանիշի բաշխումը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Անդրադառնալով որոշմանը՝ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ այս պահին արդեն իսկ ընթանում են քննարկումներ կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ: «Կուսակցությունների մասին օրենքով նաև վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը: Կարծում եմ՝ պառլամենտական երկրում քաղաքական ուժերի, կուսակցությունների կայացումը կարևորագույն գործոն է հետագա քաղաքական գործընթացների համար: Ընդհանուր առմամբ, այս քննարկումները շատ կարևոր են, որպեսզի լինեն հնարավորինս ներառական: Ինչպես նաև կարծում եմ, որ այն ժամանակներն անցել են, երբ կուսակցական գործունեությունը որևէ վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում: Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններով մենք պետք է նաև հնարավորինս խթանենք, որ երիտասարդներն ունենան կուսակցական, քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն և շահագրգռվածություն »,-նշել է փոխվարչապետը: