Foto

Ժողովուրդը պետք է ընդամենը 5 րոպեով

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով առաջիկա հանրաքվեի համար նախատեսվող 3.5 միլիարդ դրամն ավելի նպատակային ծախսելու լրագրողի հարցին, բառացիորեն ասել է հետևյալը.

«Դուք փաստացի Հրայր Թովմասյանին եք վերագրում այն ամենը, ինչ որ տեղի է ունենում: Հարցը Հրայր Թովմասյանի մեջ չի միայն: Էդ նախադասությունը, որը քվեաթերթիկի մեջ լինելու է գրված, այդ քվեաթերթիկի հարցը ընդհանուր վերաբերվելու է անցյալին, վերաբերվելու է այն բոլոր արատավոր երևույթներին, որոնք դեռ մնացել են հնուց, վերաբերվելու է այն բոլոր բեկորներին, որոնք տեղակայվել են Հրայր Թովմասյանի խրամատում, այն բոլոր մարդկանց, այն երևույթներին, այն դատական համակարգին, այն մարդկանց, ովքեր ասում են կեսա երեք ամիս ա մնացել, հեսա թեժ աշուն ենք անելու, թեժ գարուն ենք... Սա շատ ավելի ճիշտ կլինի համեմատել հոկտեմբերի 2-ի հետ կամ համեմատել հեղափոխության հետ»:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել մի նուբ հանգամանքի վրա. փաստորեն այս 3.5 միլիարդանոց հանրաքվեով քաղաքական իշխանությունը փորձում է «քարտ բլանշ» ստանալ հետագա բոլոր այն գործողությունների համար, որոնց դեմ պատրաստվում է պայքարել և Ալեն Սիմոնյանի բերանով անվանում է «անցյալ», «արատավոր երևույթ», «հնուց մնացած», «Հրայր Թովմասյանի խրամատում տեղակայված բեկորներ» և այլն: Ամենևին հոգ չէ, թե ինչը հետագայում կկոչվի անցյալ կամ ով կհամարվի բեկոր: Այդ հանրաքվեն պետք է իշխանությանը, որպեսզի թեժ քաղաքական օրակարգ առաջադրողների դեմ ժողովրդի անունից հակընդդեմ գործողություններ իրականացնի, ինչպես դա արվեց 18 թվականի հոկտեմբերի 2-ին: Ակնարկն ակնհայտ է: Բայց ժողովրդին փողոց հանելն արդեն դժվարացել է, իսկ մարզերից Երևան բերելն էլ փող արժե: Դրա համար էլ որոշվել է, ժողովրդի լեզվով ասած, «բիրիքով» վճարել բյուջեից և իրենց իրավունք վերապահել ապրիլի 5- հանրաքվեի շրջանակներն ավելի լայն տարածել: Իր խոսքում Ալեն Սիմոնյանը դրա մասին բացահայտ խոստովանում է, ասելով, թե պետք չէ ժողովրդին շատ անհանգստացնել, փողոց փակել տալ կամ բերել ԱԺ շենքի մոտ, այլ՝ 5 րոպեով գնալ հանրաքվեի ու հեռակա միտինգների «մշտական» ստանալ:

Այսինքն ժողովուրդը պետք է ընդամենը 5 րոպեով, այնուհետև կարող է շարունակել «պողոս» մնալ:

Հեղինակ: Eduard Saribekyan