Foto

«Մարտահրավեր» հողմաղացներին

Քաղաքական իշխանությունը ՍԴ անցանկալի դատավորներից ազատվելու մեքենան ամբողջ թափով առաջ է հրում, նշանակել է հանրաքվե ու դեռ քարոզարշավը չսկսած արդեն քարոզչությամբ է զբաղված: Որ այս ողջ գործընթացը ուղղված է մի մարդու իշխանական ամբիցիաների բավարարմանը և մեկ մարդուն գործից հանելուն, արդեն կասկածի տեղ չի թողնում: Հենց այն թեզը, որ ՍԴ դատավորների հեռացումը համաժողովրդական պահանջ է, արդեն իսկ քարոզչության համար տեղ չի թողնում: Ի՞նչ է, իշխանության ներկայացուցիչները դռնեդուռ քաղաքացիներին բացատրելու են, թե ինչո՞ւ են նույն քաղաքացիները պահանջել դատավորների հեռացումը:

Բնականաբար քարոզարշավն էական չէ, օրվա իշխանությանը միայն քվեարկության վերջնական արդյունքն է հետաքրքրում և դրա համար Մուկուչյանը բավարար է: Եթե դրա հետ մեկտեղ մի երկու շաբաթ էլ միտինգային հարթակներում բյուջեի հաշվին հներից-բանից խոսեն՝ շատ ավելի լավ: Բայց սցենարի կատարելությանը մի կարևոր բան է պակասում՝ դեռևս «ոչ» քարոզող չկա: Այսինքն ամբողջ իշխանական ապարատը լարվել ու տարածքային կառավարման նախարարի գլխավորությամբ գործի է դրվել երևութական հողմաղացների դեմ: Կոնտրմիտինգ չկա, և սա ավելի է գազազեցնում: Բայց քանի որ ձեռք են տվել, պետք է խաղան:

«Այո»-ի «նվիրյալները» համառորեն չեն ընկալում, որ հները վաղուց գնացել են, հիմա իրենց՝ նորերի աշխատելու հերթն է: Գուցե ընկալում են, բայց չեն կարողանում աշխատել և դրա համար էլ ժողովրդին կրկին անգամ կերակրում են հների մասին սարսափի տեսարաններով:

Ակնհայտ է, որ «այո»-ի «նվիրյալները» ողջ քարոզարշավը տանելու են հների նկատմաբ հաշվեհարդարների, հակահեղափոխական վհուկաորսի, «հիբրիդային» բեմականացումների տրամաբանությամբ, առանց խոստովանելու, որ այս հանրաքվեն ամբողջությամբ հակասահմանադրական գործընթաց է, որ մի հոգու անձնական ամբիցիաների բավարարման ողջ պատասխանատվությունը դրվում է ամբողջ ժողովրդի վրա: Այսօր միջազգային շրջանակները դեռևս ողջախոհության կոչեր են անում, փորձում են գործընթացը վերադարձնել սահմանադրական և իրավական դաշտ՝ ավելի մեծ պրոբլեմներից խուսափելու համար: Բայց «նվիրյալները» նշանակված են և արգելակները թողել են: Հասարակությունը կրկին ներքաշվում է սևի ու սպիտակի հակամարտության մեջ, պոզիտիվ ստեղծարար ուղով տանելու փոխարեն:

 

Հեղինակ: Eduard Saribekyan