Foto

Քայլեր են ձեռնարկվում հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումն ապահովելու համար

Գործադիրը լրացումներ է կատարել 2018 թ. հուլիսի 19-ի «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար: Սպանդանոցային ցանցն ընդլայնելու նպատակով նախատեսվում է պետական օժանդակություն տրամադրել տնտեսավարողներին: Ըստ այդմ՝ լրացումների արդյունքում կավելանան ծրագրից օգտվող սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուների քանակը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ նախատեսվում է երեք տիպի գործունեության ֆինանսավորում՝ շարժական սպանդանոցների, մոդուլային սպանդանոցների կառուցման, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսի տեղափոխման տրանսպորտային միջոցների: «Կառավարության աջակցության նաև այս երեք գործիքների համադրությամբ մենք կարծում ենք՝ մեծամասամբ ծածկում ենք այն անհրաժեշտությունը, որ կազմակերպությունները կարող են ունենալ իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար»,-ասել է նախարարը: Տիգրան Խաչատրյանը հայտնել է նաև, որ տվյալ գործունեության զբաղվելու ցանկություն ունեցող տնտեսվարողներին համար ձևավորել են կողմնորոշիչ քարտեզներ, թե Հայաստանում հաջորդ վեց ամիսների ընթացքում որտեղ կարող է սպանդանոցներ ունենալու պահանջ առաջանալ: «Սա ավելի շատ իրազեկելու նպատակ ունի, որպեսզի կարողանան փաստացի գործող և ներկայում կառուցման ընթացքում գտնվող սպանդանոցների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստանալ և կայացնել ներդրում անելու որոշումներ»,-նշել է նախարարը և հավելել, որ հանրապետությունում ներկայում գործում է 38 սպանդանոց, կառուցվում է ևս 24-ը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ոլորտին վերաբերող՝ գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրին: «Այդ պիլոտային ծրագիրն ունի մի քանի բաղադրիչ՝ վաղ ցրտահարության դեպքերից ապահովագրություն, հրդեհից ապահովագրություն, կարկուտի ապահովագրություն: Փետրվարի 15-ին լրանում է վաղ ցրտահարության դեպքերի ապահովագրության ժամկետը, և ուզում եմ հիշեցնել, որ գյուղացու ֆինանսական ծախսերի առնվազն 50 տոկոսը հոգում է պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ փոխհատուցվելու է 60 տոկոսով: Խնդիրն այն է, որ այսօր փետրվարի 6 է և այս պահի դրությամբ ապահովագրական պոլիսների գնման մակարդակն այնքան էլ բարձր չէ: Եվ մենք ուզում ենք, մեր սիրելի գյուղատնտեսական տնտեսություններին կոչ անել, որպեսզի օգտվեն այս հնարավորություններից: Նախորդ տարիներին դեպքեր են եղել, երբ կարկտահարությունից և այլ բնական երևույթներից տուժած գյուղացիներին, ինչ-որ այսպես ասած սփոփիչ աջակցություն է ցուցաբերվել կառավարության կողմից: Սփոփիչ, որովհետև դա ամբողջ ծախսն ի վերջո չի փակել: Եվ ուզում եմ արձանագրել, որ կայացված է քաղաքական որոշում, որ այն գումարը, որ մենք պետք է տանք գյուղացիներին հետագայում, տեղի ունեցածից հետո, որպես աջակցություն, մենք հիմա այդ գումարը, դեռ մի բան էլ ավելին, երևի շատ ավելին, մենք այսօր ներդնում ենք ապահովագրության մեջ, այսինքն՝ գյուղացիական տնտեսությունների ապահովագրության մեջ: Մենք այսօր ենք գյուղացիներին աջակցում, որպեսզի նրանք ձեռք բերեն ապահովագրական պոլիսներ: Ինչը նշանակում է, որ հանկարծ գյուղացին այդ հնարավորությունից չօգտվեց, հետագայում այդ տարածքների, այն մարզերի համար, որտեղ այդ հնարավորությունը կա, կառավարությունն այևս չի կարող որոշում կայացնել, որպեսզի աջակցի գյուղացիներին, որովհետև աջակցության մեթոդը, ձևն արդեն որոշված է: Եվ ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել, որպեսզի նրանք օգտվեն այս հնարավորությունից: Ժամկետներ կան, մինչև փետրվարի 15-ը՝ վաղ ցրտահարության, մարտի 25-ը՝ կարկուտի և հրդեհը՝ անժամկետ»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս տարի պիլոտային ծրագիրը գործում է 6 մարզում՝ Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորում և Տավուշում: