Foto

ԱԺ ֆարսը և արտախորհրդարանական ընդդիմության շանսը

Ազգային ժողովում «գժական» բաներ են կատարվում (Ալեն Սիմոնյանն ասաց): Մեծամասնությունը ցանկանում է վաղաժամ թոշակից հրաժարված ՍԴ դատավորների լիազորությունները կասեցնել, ընդդիմությունը իրավական հիմնավորումներ է պահանջում, մեծամասնությունը չի կարողանում տալ դրանք, բայց քանի որ բացարձակ մեծամասնություն են, հարցի մեջ չեն էլ խորանում: Արդյունքում ԱԺ նիստը վերածվել է ֆարսի՝ ֆորմալ առումով քննարկում կա, բայց բովանդակային ու ըստ էության ոչ մի պատասխան չի տրվում, ժամավաճառություն է կատարվում:

Միակ հասկանալի ձևակերպումն այն է, որ խորհրդարանական մեծամասնությունը չի համարձակվում իր վրա վերցնել ՍԴ դատավորների լիազորությունները կասեցնելու պատասխանատվությունը և հարցը տանում է հանրաքվեի, այսինքն կրկին հետագա ցնցումների պատասխանատվությունը դրվում է շարքային քաղաքացու վրա:

Խոսում են պետական շահից, իբր այս օրինագիծն այնքան հրատապ է, որ պետք չէ սպասել արդեն ստեղծված մասնագիտական հանձնաժողովին, կարելի է շրջանցել Սահմանադրական դատարանի կարծիքը ստանալու օրենքի պահանջը, բայց փոխարենը կստեղծվի մի դատարան, որի որոշումների արդարացիությանը ժողովուրդն արդեն չի կասկածի:

Պարոնա՛յք, իսկապես հավատում եք, որ ճնշող մեծամասնություն ունեցող ԱԺ-ի կողմից ընտրված դատավորները այլևս չե՞ն սպասարկելու օրվա իշխանության շահը: Նախկինում էլ են մեզ կերակրել այդ հեքիաթով և դուք բացառություն չեք, դուք սուրբ չեք: Իրավական պետություն կառուցել, ոտնահարելով երկրի սահմանադրությունն ու խախտելով օրենքը, հնարավոր չէ:

Բայց այս ամենի մեջ մի դրական բան կա՝ հանրաքվեի դեպքում արտախորհրդարանական ընդդիմությունը պաշտոնապես հրավիրվում է քննարկումների ասպարեզ, որտեղ նրանց լռեցնել արդեն չի ստացվի:

Հեղինակ: Eduard Saribekyan