Foto

Ժողովո՛ւդ, Սահմանադրական դատարանի միս եմ ուզոււււււմ

Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ ՀՀ Սահմանդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նախագծի հեղինակներն առաջարկում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Որ խորհրդարանական մեծամասնությունը մտասևեռված է ՍԴ ներկայիս կազմից ամեն գնով ազատվելուն, արդեն բացահայտ իրողություն է, նույնիսկ հիմնավորումներն էն ծայրահեղ հայեցողական: Նշվում է, ՍԴ ներսում և դրա շուրջ իբր ճգնաժամ կա,  որոնք «լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և իրավական որակների համար»: Նախ ՍԴ շուրջ լարվածությունը  բացառապես ներկայիս կառավարության, վարչապետի և խորհրդարանական մեծամասնության փչած փուչիկն է: Շարքային քաղաքացիները հիմնականում պատկերացում էլ չունեն ՍԴ գործառույթների վերաբերյալ և շատ քչերը կարող են առանց Գուգլի օգնության ասել, թե քանի դատավոր ունի մեր ՍԴ-ն և ովքեր են նրանք: Իսկ ահա ՍԴ ներսում ճգնաժամ ընդհանրապես չկա, այն չի տեսնում նույնիսկ վարչապետ փաշինյանը և դրա մասին ակամա խոստովանեց Կապանում իր ասուլիսի ժամանակ: Թերևս այն ժամանակ վարչապետը տեղյակ չէր, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ընտրվելուց հետո չի մասնակցում ՍԴ աշխատանքներին, բայց աշխատավարձ է ստանում: Գուցե դա՞ նկատի ունեն նախագծի հեղինակները, չգիտեմ:

Այնուհետև հիմնավորման մեջ ասվում է նախկինում նշանակված անդամների և 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերության և ՍԴ-ում ներդատարանական հավասարության մասին, իբր եթե նախկինում նշանակվածները պաշտոնավարելու են մինչև 70 և 65 տարին լրանալը, իսկ նոր նշանակվածները՝ 12 տարի, դրանից ներդատարանական հավասարությունը խաթարվում է: Այն ժամանակ, երբ սահմանադրական բարեփոխումների նախագիծը միջազգային փորձաքննություններ էր անցնում, մի՞թե ոչ ոք դա չնակատեց: Չգիտեմ, թե նախագծի հեղինակներից քանիսն են բանակում ծառայել, բայց այստեղ ՍԴ-ում «դեդովշչինայի» առկայության ակնհայտ ակնարկ կա:

Հիմա գանք «զողորմին տի տանք» հանրային կարծիքին: Հեղինակների պնդմամբ ՍԴ-ն կորցրել է քաղաքացիների և հանրային իշխանության մարմինների կողմից վստահությունը, որովհետև պատասխանատու է նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունքի և ժողովրդի կողմից իր իշխանությունն ընտրելու երաշխիքների շարունակական անտեսման համար: Իրականում սրանք ուղղակի ձևականություններ են, որ անհրաժեշտ են խորհրդարանի և կառավարության կողմից դատական իշխանությունը  գրավելու համար: Իսկ թե Հայաստանում ինչպես է ներկայացվում հանրային կարծիքն ու վիճակագրությունը, հայտնի է:

Ուղղակի Նիկոլ Փաշինյանն իր լիակատար երջանկության համար Սահմանադրական դատարանի միսն է ուզում և վերջ:

 

 

Հեղինակ: Eduard Saribekyan