Foto

Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակեց դատախազության կողմից բերված` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ բողոքի քննությունը, տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ մասնավոր շահին անհիմն առավելություն տալով հանրային շահի նկատմամբ, ուստի դատարանի որոշումը ենթակա է ամբողջությամբ բեկանման։ Ըստ Պետրոսյանի՝ մեղադրյալը կարող է ծանոթանալ այն գործի նյութերին, որի շրջանակներում իրեն մեղադրանք է առաջադրվել։

Ռ․ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի խոսքով, առաջին ատյանը գերակա է համարել մասնավոր շահը, բայց միևնույն ժամանակ, դռնփակ նիստում, ապահովելով գաղտնիության ռեժիմը, հավասարակշռել է այն հանրային շահի հետ։

Դատարանն ավարտեց բողոքի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատակատ ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի փետրվարի 6-ին, ժամը 10:30-ին։