Foto

Դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները

Վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2019թ. դեկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ըստ այդմ՝ դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները՝ ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում, արտահանումն աճել է 13 տոկոսով: Ծառայություններն աճել են 11.6 տոկոսով,  արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով, շինարարությունը՝ 4.9 տոկոսով, աշխատավարձերը՝ 5.4 տոկոսով: Տարվա արդյունքներն ավելի ռեկորդային են: Կներկայացնեմ ավելի ուշ», նշել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկ այլ գրառման մեջ Փաշինյանը նշել է. «Վիճակագրության կոմիտեն հրապարակեց նաեւ 2019-ի տարեկան ՏԱՑ ցուցանիշը:

Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:

– Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,

-Շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով,

-Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով,

-Առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով,

-Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:

– Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով:

Անկեղ ասած՝ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ: Ցուցանիշը կհրապարակվի փետրվարին»: