Foto

Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով դպրոցները փակելու անհրաժեշտություն չկա. Արսեն Թորոսյան

Հայաստանը նոր կորոնավիրուսի առումով չի գտնվում բարձր ռիսկի գոտում, երկրի ներսում քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու, դպրոցները ժամանակավորապես փակելու կամ այլ միջոցառումների անհրաժեշտություն չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով հարցին, թե ԱՀԿ-ի կողմից միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ հայտարարելու պարագայում հնարավո՞ր է, որ Հայաստանում դպրոցները ժամանակավորապես փակվեն:

«Արտակարգ դրություն հայտարարումն արվել է Չինաստանից դուրս այլ երկրում մարդուց մարդ փոխանցման դեպքով պայմանավորված: Դա ենթադրում է երկրների ավելի խիստ մոտեցում վարակի տարածմանը: Հայաստանն այս պահին չի գտնվում բարձր ռիսկի գոտում: Մեր միջոցառումները, որոնք նաև այս երկու օրերին կշատանան, մեզ ավելի են զերծ պահելու նման ռիսկի երկիր դառնալուց: Հետևաբար, քաղաքացիների տեղաշարժը, կլինի դպրոցների կամ աշխատանքի, կամ այլ տեսակի շարժ, սահմանափակելու անհրաժեշտություն չկա: Եվ նման հարց չի քննարկվում»,-ասաց Թորոսյանն ու հավելեց` անհրաժեշտության դեպքում կքննարկվի:

Նախարարը նշեց` կորոնավիրուսը մեզ շրջապատող վիրուսներից մեկն է, և հնարավոր է, որ մենք դրա մեկ այլ շտամով ժամանակին վարակված լինենք: Եվ ինչպես մնացած վիրուսները, դրանք հիմնականում վտանգավոր են խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար: