Foto

Հայաստանում նոր կորոնավիրուսի համար լաբորատոր թեստ չկա. կասկածի դեպքում նմուշ կուղարկվի այլ երկիր

 Հայաստանում և առհասարակ տարածաշրջանում նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր դեռ չկան: Սակայն Հայաստանը կասկածելի ցանկացած դեպքի համար նմուշներ կուղարկի եվրոպական տարածաշրջան՝ համագործակցող լաբորատորիաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը` նման անհրաժեշտություն դեռ չի եղել:

«Հայաստանն այս առումով ռիսկային երկիր չի համարվում: Սակայն ունենք ամբողջ լաբորատոր կարողությունները` ախտորոշելու կորոնավիրուսով պայմանավորված ատիպիկ թոքաբորբը, և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը, որը ևս պայմանավորված է կորոնավիրուսներով: Ինչ վերաբերվում է նոր կորանավիրուսին, ապա մի շարք երկրների համար դրանք հասանելի չեն դեռևս: Եթե այս պահին դեպք լինի, ԱՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում նմուշը կարող ենք տեղափոխել այն սահմանափակ թվով լաբորատորիաներ, որտեղ կա այն ախտորոշելու հնարավորությունը»,-ասաց Թորոսյանն ու նշեց`  կան երեք լաբորատորիաներ եվրոպական տարածաշրջանում, որտեղ կարող ենք իրականացնել նմուշ-հետազոտությունը՝ հրատապությունից ելնելով:

Նա շեշտեց` սակայն պետք է նպատակային հետազոտություն անել: Նոր կորոնավիրուսը որևէ արտառոց ախտանշան չունի, հիմնականում մասնագետների համար հուշողը թոքաբորբի պատկերն է: «Երբ կա թոքաբորբ, ապա հրատապությունից ելնելով կարող ենք նմուշը տեղափոխել, բայց պետք է լինեն կլինիկական ցուցանիշներ: Ախտանշաններից կարճ ժամանակում ինֆիլտրատիվ թոքաբորբի առաջացումն է, որը երկու թոքերում ինֆիլրատիվ պատկեր է ցույց տալիս»,-ասաց Թորոսյանն ու նշեց՝ նկատի են ունենում նաև ճանապարհորդային անամնեզը, երբ ախտանշանների ի հայտ գալուց առաջ մարդը եղել է թիրախային երկրում:

Թորոսյանը հավաստիացրեց՝ դեռևս նմուշ ուղարկելու անհրաժեշտություն չի եղել:

ՀՀ առողջապահության նախարարությունը սերտորեն աշխատում է մի շարք կառույցների հետ, կազմակերպում քննարկումներ: Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հունվարի 26-ից արգելել Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի ներմուծումը ՀՀ տարածք: ԱԳՆ-ի զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ մշակվել է հուշաթերթ, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց:

Նախարարությունը սերտորեն աշխատում է նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ: Առողջապահության նախարարության մասնագետները գործուղվել են ՀՀ պետական սահմանի անցման կետեր` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: