Foto

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

ՉԺՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասվում է.

 «Ձերդ Գերազանցություն,

Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության խորքից եկող, միևնույն ժամանակ արդիական, ամե­նա­սիրված ընտանեկան տոնն է Չինաստանում։ Թող այն առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորաց­մանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Չինաստանի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում էլ ասվում է.

«Ձերդ Գերազանցություն,

Ի սրտե շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնն ավանդականորեն խորհրդանշում է գարնան սկիզբը և բնության զարթոնքը։ Թող այն հետագա զարգացում, բարեկեցություն  և երջանկություն բերի Չինաստանի բարեկամ ժողովրդին։

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամության, փոխադարձ վստահության և փոխշահավետության վրա հիմնված բազմաբովանդակ համագործակցության հետևողական սերտացումն ու ամրապնդումը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ Չինաստանին՝ խաղաղություն և նորանոր նվաճումներ»: