Foto

Դարոն Աճեմօղլուն կոչ է արել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի

Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կոչ է արել կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի։

Տնտեսագետը հատկանշական է համարել Չինաստանի օրինակը, որն, ըստ նրա, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց։

Այստեղ վերահսկելի դատարանների պարագայում իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն, սակայն իրականում ուղղել են քաղաքական հակառակորդների դեմ։

Տնտեսագետը վստահ է՝ քաղաքական այս ձևը, որ նա կոչում է «սիծինպինյան», բացասաբար է ազդում պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա։

«Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակորդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները», - ասել է Աճեմօղլուն։

Հայաստանում ի սկզբանե առկա էր վտանգ, որ երկիրը կառաջնորդվեր այդ արատավոր ուղով, նշել է տնտեսագետը։ Նրա կարծիքով՝ այդ վտանգը դեռևս պահպանվում է։

2018 թ. մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ հեռախոսազրույց է ունեցել հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ, որը, նրա խոսքով, պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: 
 
«Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում», - նշել էր Փաշինյանը: 
 
Աճեմօղլուն «Why Nations Fail: The Origins of Power, Prosperity, and Poverty» հանրահայտ գրքի հեղինակներից է։
 
Իսկ 2018 թ. հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը տեսակոնֆերանս են անցկացրել Դարոն Աճեմօղլուի հետ:

Քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը: