Foto

Քննարկվում է զինվորական վարժանքից և զորավարժությունից խուսափելու տուգանքի չափը բարձրացնելու հարցը

ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է զինվորական վարժանքներից և  զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը բարձրացնել` 20 հազար դրամից դարձնելով 30 հազար դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ հունվարի 23-ի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Նախատեսվում է հստակեցնել վարժական հավաքներից, զինվորական վարժանքներից և  զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարվող փոփոխությունների համաձայն` բարձրացվում է զինվորական վարժանքներից և զորավարժություններից  խուսափելու համար տուգանքի չափը: Գործող չափը 20 հազար դրամ է, առաջարկվում է սահմանել 30 հազար դրամ: Իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում պահեստազորայինի կողմից կրկնվելու դեպքում առաջարկվում է, որ տուգանքը սահմանվի 50 հազար դրամի չափով»,- ներկայացրեց Բալայանը:

Նախագծով սահմանվում են նաև զինվորական վարժանքներում ու զորավարժություններում չներկայանալու հարգելի պատճառները, հստակեցվում է տուգանքը կիրառող մարմինը: Մինչ այս տուգանքը կար, բայց կիրառող մարմին սահմանված չէր: Բալայանը նշեց` ցավոք, մինչև այժմ այդ 20 հազար դրամ տուգանքը չի կիրառվել` կիրառող մարմնի բացակայության պատճառով: