Foto

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Բարձր գնահատելով Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների մակարդակը՝ նախարար Ցոլակյանը պատրաստակամություն է հայտնել դրան համահունչ դարձնել երկու երկրների արտակարգ իրավիճակների բնագավառի կառույցները և գործընկերային հարաբերությունները:

Նախարարը կարևորել արտակարգ իրավիճակների բնագավառին առնչվող հայ-ֆրանսիական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ նախապատրաստվող համաձայնագիրը, որն ըստ նրա՝ անշուշտ, նոր թափ կհաղորդի:

 

Կարևորվել է նաև Ֆրանսիայի աջակցությամբ իրականացված հայ փրկարարների վերապատրաստման, աղետների բժշկության և հոգեբանական ծառայության ոլորտներում այդ երկրի փորձի ուսումնասիրությունը, համատեղ ծրագրերի իրականացումը: Բարձր է գնահատվել Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունքում 2014 թվականին «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրված մոտ 250.000 եվրո արժողությամբ գույքն ու տեխնիկան:

Համագործակցության շրջանակում 2019 թվականին ստորագրվել է համաձայնագիր, որն ուղղված է դասավանդման ծրագրերի և մեթոդների պատրաստության, զարգացման, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին առաջին բուժօգնության դասընթացի վերապատրաստման, ինչպես նաև կրթական ու տեխնիկական տեղեկատվության փոխանակմանը:

Զրույցի ընթացքում նախարարը նաև հայտնել է, որ առաջիկայում մրցույթ է հայտարարվելու 8 և ավելի հարկ ունեցող շենքերի սպասարկման համար հրշեջ-փրկարարական մեքենաներ ձեռք բերելու համար, և դեսպանին խնդրել, որպեսզի վերջինս առաջարկի Ֆրանսիական կազմակերպություններին՝ մասնակցել մրցույթին:

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել, որ Հայաստանում ապրում է 650 հոգանոց ֆրանսիական համայնք և նրանց կյանքի, առողջության և գույքի պահպանման հարցերը մշտապես գտնվում են դեսպանության ուշադրության ներքո: Դեսպանը կարևորել է Հայաստանում արտակարգ իրավիճակների պատրաստվածությանն ուղղված միջոցառումների համատեղ անցկացումը՝ շեշտելով դրանց` ֆրանսիական դեսպանատան աշխատակիցների, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների ներգրավման անհրաժեշտությունը:

Կարևորելով աղետներին դիմակայելու կարողությունների զարգացումը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ավելի խորացնելու այս ուղղությամբ տարվող աշխատանքները: