Foto

Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը Մարալիկում կհանդիպի բուժանձնակազմի հետ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը մեկնել է Մարալիկ՝ հանդիպելու տեղի առողջության կենտրոնի և ծննդաբերական  բաժանմունքի բուժանձնակազմի հետ, որոնք փակել են ճանապարհը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Նրա վստահեցմամբ՝ նախարարությունը հետևում է Մարալիկում ծավալվող իրադարձություններին, որտեղ ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը:

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի բնակիչները հունվարի 8-ին առավոտից փակել են Գյումրի-Երևան ճանապարհի՝ Մարալիկի հատվածը: Բնակիչները պահանջում են չեղյալ համարել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը փակելու որոշումը: Տարեվերջին Գյումրի կատարած այցի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով Մարալիկի առողջության կենտրոնին և, մասնավորապես, ծննդատան գործունեությանը, նշել էր, որ Մարալիկում, ամենայն հավանականությամբ, իրականացվելու է միայն առողջության առաջնային պահպանում:

Հարցի վերաբերյալ նախարարության պարզաբանումը հետևյալն է՝ ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։ «Հաշվի առնելով նշվածը՝ բնակչի համար շատ ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, ինչը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը»,- հայտնել էին նախարարությունից:

Բացի այդ,   համաձայն առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941-Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում, այնինչ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:

«Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարացված չէ ծախս-արդյունավետության և, ինչն առավել կարևոր է, մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս՝ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի»,- հայտնել էին նախարարությունից՝հավելելով, որ դա վերաբերում է բոլոր այն ծննդատներին, որոնք չեն բավարարել այդ պահանջներին, բացառությամբ որոշների՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով։

17 գյուղական համայնքներ սպասարկող Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը հունվարից չի ֆինանսավորվում, ինչն էլ  ոչ միայն ծննդատան  12 աշխատակիցների, այլ նաև հարակից համայնքների բնակիչների դժգոհությունն է առաջացրել: Բնակիչների հետ հանդիպման է գնացել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: