Foto

Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը դատախազի որոշմամբ՝ մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«ՀՀ 3-րդ նախագահի պաշտպանի բողոքի հիմքում դրված էր այն հանգամանքը, որ 3-րդ նախագահին վերագրվել է այնպիսի ենթադրյալ արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից։ Սակայն Վճռաբեկ դատարանը, դեռևս 2018 թ. նոյեմբերի 15-ի թիվ ԵԴ/0743/06/18 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ «Եթե նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների անցմամբ, ապա նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ նախագահի կարգավիճակի հետ և պետք է գնահատվեն որպես նախագահի կարգավիճակի հետ չկապված»,- նշեց Խաչատրյանը: 

Աղբյուր՝ Lurer.com