Foto

Զելենսկի. Հանդիպումն ինքնին հաղթանակ էր

Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնորդները հանդիպել են Փարիզում՝ Արևելյան Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար: Սա ՌԴ նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու առաջին հանդիպումն է, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորների միջնորդությամբ

Կիևում օրերս ընթացել են բողոքի ցույցեր, որի ընթացքում հանրահավաքների մասնակիցները քննադատել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կարգադրությունը՝ ուկրաինական զորքերը առաջնագծից հեռացնելու մասին: Դա Կիևում շատերի մոտ դիտարկվել է որպես թուլության նշան:

Մտահոգություն են հայտնում նաև պատերազմի մասնակից ուկրաինացի զինվորականները:

«Ես վախենում եմ, որ կարող ենք վերջնականապես կորցնել այս տարածքները: Իմ ընկերը զոհվել է՝ կռվելով հանուն դրանց: Այդ տարածների վերադարձը շատ դժվար էր, ուստի պատրաստ չեմ զիջել դրանք»,- ասում է ուկրաինական բանակի կրտսեր սպա Ֆաինան:

Այս պահին Արևելյան Ուկրաինայի հակամարտության զոհերի թիվն անցել է 13 հազարը: Նախագահ Զելենսկին ասել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմը բանակցությունների միջոցով: Ռուսաստանը համաձայն է , սակայն պայմանով, որ Կիևը դուրս բերի զորքերը Արևելյան Ուկրաինայի Ստանիցա Լուգանսկ, Պետրիվսկե և Զոլոտե քաղաքներից: Շատերը Ուկրաինայում դա գնահատեցին թուլության դրսևորում, սակայն նախագահ Զելենսկին ասում է, որ բանակցություններն արդեն մեծ քայլ են առաջ:

«Հանդիպումն ինքնին արդեն հաղթանակ է, քանի որ մենք վերսկսեցինք երկխոսությունը, որը դադարել էր 2016 թվականից ի վեր՝ հնարավորություն չտալով բանակցել պատերազմի դադարեցման շուրջ»,- ասել է Զելենսկին:

Նախքան բանակցություների մեկնելը Ուկրաինայի նախագահը բացառել է որևէ ճնշում իր նկատմամբ և ընդգծել, որ ցականում է բանակցել հավասարը հավասարի պես խոշոր տերությունների ղեկավարների հետ:

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փարիզյան գագաթաժողովից հետո մեկնեց Վաշինգտոն ԱՄՆ ղեկավարության հետ հանդիպելու համար: Ուկրաինայի հակամարտության քննարկումն այս հանդիպումների առաջնային օրակարգում է: