Foto

Այս տարի ամանորյա տոնակատարություններին նախատեսված է հատկացնել 325 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանն ամանորյա ծախսերը վերջին երկու տարիներին որևէ կերպ չի ավելացրել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Հիշեցնենք, որ այս տարի ամանորյա տոնակատարություններին նախատեսված է հատկացնել 325 մլն դրամ կամ մոտ 680.000 դոլար:

Տիգրան Վիրաբյանը նաև հայտնեց, որ դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի և նրա խմբի համերգի համար վճարվելու է 65 հազար եվրո։  

«Դեկտեմբերի 21-ին ժամը 20։00-ին տեղի կունենա տոնական լույսերի վառման արարողությունը, որը կուղեկցվի հայկական մոտիվներով, հայաֆիկացված համաշխարհային ամանորյա հիթերի մյուզիքլով։ Կարծում եմ՝ այս ձևաչափը կլինի շատ հետաքրքիր։ Միջոցառումները կշարունակվեն մինչև 2020-ի հունվարի 13-ը,- ասաց նա։

Նշենք, որ դեկտեմբերի 31-ին ծրագիրը մեկնարկելու է 22։00-ից։  Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը կլինի ուղիղ եթերով Հանրապետության հրապարակից։