Foto

Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը

1988 թվական դեկտեմբերի 7. ժամը 11 անց 41րոպե 22,7 վայրկյան. ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները: Երկրաշարժը ընդգրկել է Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր 1 միլիոն մարդ: Ուղիղ 31 տարի է անցել Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի ու ավերիչ երկրաշարժից։
Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհվել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար մարդ) և Սպիտակում (4 հազար մարդ): Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։
Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեց աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային կազմակերպություն։
Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները և ավստրիացիները մեկական բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց, անգլիացիները՝ դպրոց և այլն:
1989-2000 թվականներին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին աղետի գոտու բնակավայրերում շահագործման են հանձնվել 3,5 ﬕլիոն քառակուսի ﬔտր ընդհանուր մակերեսով բնակելի տներ:
Այս տարի, Կառավարության որոշմամբ, աղետի գոտու խնդիրների լուծման համար 3 մլրդ դրամ է հատկացվել։