Foto

Հայաստանը հիմնում է բանակի մարզական ակումբ սպորտում նվաճումներ ունեցողների զորակոչման համար

Հայաստանում կհիմնվի բանակի մարզական ակումբ, որտեղ ծառայության կանցնեն սպորտում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդները: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:

«Օրենսդրական փոփոխությունների մի շարք նախաձեռնություններ կան: Քննարկման փուլում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները , ինչպես նաև «Զինվորական հաստատությունների և զորամասերի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով սահմանելու ենք բանակի մարզական ակումբի գոյությունը: Մարզական աշխարհի ներկայացուցիչները սպասում էին սրան: Ակումբում կզորակոչվեն սպորտում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդները»,-նշեց փոխնախարար Բալայանը:

Նա տեղեկացրեց, որ օրենսդրական նոր նախաձեռնություններ կան ծառայության կազմակերպման հետ կապված: Իսկ ֆինանսական առումով կարևոր ձեռքբերում է այն, որ հաջորդ տարվա բյուջեով պաշտպանությանն ուղղված միջոցներն ավելացել են: