Foto

ՀՀ Վարչապետ․Կարծում եմ, որ ընդհանրապես այս խնդիրները շատ լուրջ հոգեբանական և քաղաքական խնդիրներ են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին հանդես է եկել ներածական խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործըննկերներ, մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելն ուզում եմ անդրադարձ կատարել մի հարցի: Խնդիրն այն է, որ մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է և հանդիպում է այսպես ասած սոցիալ-հոգեբանական կամ քաղաքաքակթական մի շարք խնդիրների, որոնց մասին ես կուզենայի այսօր այստեղ ես բարձրաձայնել:

Մենք նպատակաուղղված ենք Հայաստանի Հանրապետությունում լուծել շատ կոնկրետ շոշափելի և տեսանելի խնդիրներ և դա սկսել է մեզ մոտ ստացվել: Բայց մենք ի՞նչ խնդրի հետ ենք բախվում, երբ մի խմբի, մի սուբյեկտի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք՝ պարտադիր, չուզող հարևանի տրամաբանությամբ ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որն ասում է՝ այդ ինչո՞ւ իր հարցը լուծեցիր, այլ ոչ թե մեր հարցը:
Սա իրականում քաղաքակրթական և սոցիալ-հոգեբանական խնդիր է և երբեմն տպավորություն է ստացվում, թե ավելի լավ է ընդհանրապես ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ, համակերպված հուսահատության հետ, ինչպես ձեզ հայտնի նախորդ շրջանում, իրենց յուղի մեջ տապակվեն: Ընդհանրապես սա լուրջ խնդիր է, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ 30 տարի Հայաստանի Հանրապետությունում կամ 5 տարի, մեկ տարի, էական չէ, կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել, որովհետև եթե մենք փորձենք մեկ գործողությամբ լուծել բոլոր խնդիրները՝ մեծ հավանականությամբ, 100 տոկոս հավանականությամբ մենք մեր երկիրը կկանգնեցնենք կոլապսի և ձախողումների առաջ:

Ինչո՞ւ եմ սա կոչում քաղաքակրթական խնդիր, որովհետև երբ մտածում եմ՝ ո՞րն է այս երևույթի հիմքը, այդ մտածումների ընթացքում եկա այն եզրակացության, որ Հայաստանը միշտ էլ առանձնապես ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում: Երբ որևէ տեղ, որևէ բան տեղի ունեցել է, ծառայություն առաջարկվել է՝ բոլորն աշխատել են հնարավորինս շուտ վազել և բռնել այդ ծառայությունը մատուցողի կոկորդից, որպեսզի նա առաջինը հենց իրենց մատուցի ծառայությունը: Սա իսկապես շատ լուրջ քաղաքակրթական խնդիր է և ես ուրախ եմ, որ հիմա Հայաստանի Հանրապետությունում սկսել են ներդրվել, մասնավորապես բանկային համակարգում, մաքսային ծառայությունում հերթ արձանագրող մեքենաներ: Ուզում եմ ասել, որ մենք պետք է ըստ էության բոլոր այն տեղերում, որտեղ այսպիսի խնդիր կա, պարտադիր դարձնենք հերթագրող մեքենաների տեղադրումը և գործունեությունը:

Մեկ այլ քաղաքակրթական խնդիր, որի մասին ես հիշեցի իմ աշխատասենյակից բարձրանալով մինչև կառավարության նիստի այս դահլիճ: Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունում շինարարություն անել՝ նշանակում աղբ տարածել ամենուր: Չեմ կարողանում դա հասկանալ և ընդ որում ես Ձեզ, պարոն Վերմիշյան, դեռ շատ ամիսներ առաջ հանձնարարություն եմ տվել այս հարցով և չեմ հասկանում, թե ինչո՞ւ համապատասխան տեսչությունը չի տուգանում և պատժամիջոցներ չի կիրառում այդ շինարարների նկատմամբ: Նրանք համատարած են Հայաստանի Հանրապետությունում, որոնք շինարարություն անելով աղբ են կուտակում հնարավորինս լայն շառավղով: Չեմ հասկանում, եթե հիմա կառավարության շենքում տեղի է ունենում նորոգման աշխատանք՝ ինչո՞ւ պետք է մենք բոլորս աղբի մեջով քայլենք և գնանք գանք՝ սկսած կառավարության շենքից, վերջացրած ամենահեռու տեղերից:

Ընդհանրապես եկենք գնանք աշխարհում տեսնենք շինարարությանն աղբ շրջապատում է, թե՞ չի շրջապատում: Շինարարն առաջին հերթին, ամեն օր պետք է իր շուրջը մաքրի աշխատանքի սկզբից և աշխատանքի վերջից: Այս առումով, քաղաքաշինության տեսչությունն ունի շատ կոնկրետ անելիք, որովհետև ես շատ ծանոթ չեն, բայց բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետության նորմերով դա նորմալ լինի, որ որտեղ շինարարություն լինի, այնտեղ աղբի մեծ կուտակումներ: Էլ չեմ ասում այդ թեման, որ Կոտայքի մարզ այցի ընթացքում անդրադարձա՝ չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է շինարարությունում աշխատել՝ նշանակի աշխատել տնից վերցրած հին շորերով:
Այդ մարդիկ համազգեստ պետք է ունենան, դա նույնն է, որ մենք գալիս ենք կառավարության նիստի՝ տանն ինչ մաշած շոր ունենք, հագնենք՝ գանք ցնցոտիներով նստենք կառավարության նիստին: Դա աշխատանքի, մարդու և միջավայրի նկատմամբ որոշակի վերաբերմունք է չէ՞: Շինարարական կազմակերպությունները միլիոններ են աշխատում, հիմա այդ միլիոններից դժվա՞ր է մի փոքր հատկացնել՝ ամենաէժան համազգեստը գնել բանվորների համար: Եվ ինչո՞ւ Քաղաքաշինության տեսչական մարմինն այս թեմաներով կոնկրետ աշխատանք չի իրականացնում:

Կարծում եմ, որ ընդհանրապես այս խնդիրները շատ լուրջ հոգեբանական և քաղաքական խնդիրներ են, որովհետև օրինակ, տեղեկություն ունենք, որ Արծվաշենի մեր սիրելի հայրենակիցները պատրաստվում են կրկին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անել: Դե յուրե արձանագրված է, բոլոր այդ մարդիկ ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է՝ նոտարով հաստատված: Մենք հանդիպել ենք, քննարկել ենք, ասում ենք ժողովուրդ ջան այսպիսի խնդիր կա, ասում են՝ այո, այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, պարտադրել է, որ մենք այդ փաստաթուղթը ստորագրենք: Շատ լավ, հասկանում ենք, բայց ի՞նչն է պատճառը, որ նորից այս դրսևորումը տեղի է ունենում: Կա պարզ պատճառ, որովհետև մենք 1.2 միլիարդ դրամ տրամադրել ենք փախստականների համար, կոնկրետ խնդիրներ լուծելու համար, բայց փախստականները նույնիսկ դա չեն ստացել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։