Foto

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում մասնակցեց Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նորանշանակ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց Ջոզեֆ Բորելին պատասխանատու պաշտոնում նշանակվելու և Կազմակերպության կարևոր ուղղությունների համակարգման ղեկը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր առաքելությունում:

Հայաստանի ԱԳ նախարարը, կարևորելով Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնությունը՝ որպես ԵՄ հետ երկկողմ համագործակցության զարգացման կարևոր հարթակ, որը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների վրա խարսխված փոխգործակցությունն է ձևավորել եվրոպական գործընկերների միջև:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքն՝ ուղղված երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և կայուն զարգացմանը, դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացմանը։

Հայաստանը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական քայլեր ձեռնարկել ԵՄ հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Այդ համատեքստում ընդգծվեց Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ համագործակցության ոլորտը կարգավորող իրավական հենքի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի էական նշանակությունը:

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության ապագայի տեսլականի շուրջ: