Foto

ՀՖՖ նախագահի պաշտոնում կառաջադրվի «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: 

«Մտահոգ լինելով հայկական ֆոտբոլի ներկա իրավիճակով` ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:

Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ:
Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ես և ինձ հետ փոխկապակցված անձիք չեն ունենա ֆուտբոլային ակումբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Թովմաս Գրիգորյանը:

Մինչ այս  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու մասին է հայտնել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է իր  հրաժարականի մասին և  առաջարկել հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով: Գործադիր կոմիտեի անդամները հայտարարել են, որ համաձայն ՀՖՖ կանոնադրության հրաժարականներ են տալու արտահերթ ժողովից առաջ՝ մինչ այդ իրականացնելով արտահերթ ժողովի համար անհրաժեշտ մի շարք գործառույթներ:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն քվեարկությամբ հաստատել է, որ ՀՖՖ արտահերթ ժողովը կայանալու է դեկտեմբերի 23-ին, որի ընթացքում ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և նոր գործադիր կոմիտե: