Foto

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մխիթար Պապոյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել գրավի դիմաց ազատ չարձակելու՝ նոյեմբերի 7-ի որոշման դեմ «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին տեղեկացրին դատարանի աշխատակազմից: 

Փոխանցեցին նաև, որ գործով դատական նիստը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բուն գործով դատական նիստի օրը՝ նոյեմբերի 26-ին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել էր մերժել Քոչարյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը, որի հիմքում վերջիններս դրել էին Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշումը: 

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշմամբ, ըստ էության, գրավը կարող է զսպել ոչ միայն մեղադրյալի թաքնվելու, այլ նաև գործի քննությանը նրա խոչընդոտելու ռիսկը, և սա հիմք է Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նոր միջնորդություն ներկայացնելու համար: 

Դատարանը, քննելով այս հիմքով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը, այն մերժել էր: Որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան:

Աղբկուր՝ Լուրեր.com