Foto

Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը կշարունակվի 2020 թվականի հունվարին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ քննվող ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Այս դատական նիստին հետազոտվեցին գրավոր ապացույցները։ Ըստ հաջորդականության՝ դատարանը պետք է անդրադառնար տեսանյութերի զննությանը, սակայն դա տեղի չունեցավ՝ տեխնիկական խնդիրների պատճառով՝ չկար համակարգիչ։ Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020թ.-ի հունվարի 15-ին՝ ժամը 16:00-ին։ Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին ՝Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս: Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

Նշենք նաև, որ գործով տուժողներից են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Աղբյուր` Փաստինֆո