Foto

Հիմա էլ ուսուցիչների՞ «վեթինգ» է լինելու

Որքան Արայիկ Հարությունյանը շատ է խոսում կրթական բարեփոխումների մասին, այնքան նոր խութեր է երևակում: Նոյեմբերի 18-ին գիտռնականների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարը մի միտք արտահայտեց, ըստ որի նախատեսվում է Հայոց լեզվի, պատմության և մաթեմատիկայի ուսուցիչներին աշխատանքի ընդունել քննության արդյունքում:

Դեռևս դատական համակարգի «վեթինգը» չմարսած, անցնում ենք ուսուցիչների՞ «վեթինգի»: Այլ կերպ սա մեկնաբանելը դժվար է, որովհետև այդ մասնագետները ուսուցչի որակավորում ստանալու համար բուհում պետական քննություններ են հանձնում, դիպլոմային աշխատանքներ գրում, վերջին հաշվով՝ որակավորման դիպլոմներ են ստանում: Ո՞րն է պատճառը, որ մի քննություն էլ հանձնեն աշխատանքի ընդունվելիս: Գուցե այն, որ շատ ուսուցիչներ իրենց մասնագիտական կարողություններից զատ նաև սեփական հեղինակությա՞մբ են ձևավորում ապագա քաղաքացուն: Մի՞թե այսօրվա իշխանություններին արդեն հեղինակություններ պետք չեն նույնիսկ դպրոցում կամ այլ հեղինակություններ են պետք (ակնարկս մի քիչ գենդերային է): Նույն տրամաբանությամբ քննություն պետք է հանձնեն կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, ամենատարբեր տրամաչափի պետական չինովնիկները և դեռ պարզ չէ, թե դրանից հետո քանի՞ հոգի կնստի միջնակարգի վերաքննության:

Սա որոշակի ձեռագիր է, որ դրսևորվում է բանակում գեներալիտետին, առողջապահության ոլորտում հեղինակավոր բժիշկներին, մշակույթի ոլորտում կայացած արվեստագետներին հեղինակազրկելու, նրանց փոխարեն «սուտի ժամանակակից» կերպարներ կերտելու և մետրոներում հասարակությանը հրամցնելու եղանակով:

Որ կրթության ոլորտը դպրոցական ու բուհական մակարդակում լրջագույն բարեփոխումների կարիք ունի, չի վիճարկվում, բայց դա աբսուրդի հասցնել չի կարելի: Ուսուցիչներին «վեթինգի» ենթարկելով ավելի կխորացվի առկա ճգնաժամը: Հիշեցնեմ, որ տարիներ առաջ նման մի որոշմամբ արգելվեց դպրոցներում աշխատանքի ընդունել այն մասնագետներին, ովքեր մանկավարժական կրթություն չունեն, թեև հրաշալի տիրապետում են մասնագիտական առարկային: Արդյունքում այդ մասնագետների մի մասը ստիպված էր ձևականորեն մանկավարժական կրթություն ստանալ (դիպլոմ առնել) կամ թողնել դպրոցն ու դառնակ կրկնուսույց: Գաղտնիք չէ, որ հենց այդ մասնագետների շնորհիվ են շատ դիմորդներ բարձր գնահատականներ ապահովում, կայուն գիտելիքներ ստանում: Այդ քայլով ոչ թե բարձրացավ մանկավարժական բուհի դերը, այլ ընկավ դպրոցինը:

Մամուլում արդեն լուրեր են տարածվում, որ ուսանողական դասադուլների մասնակցած ուսանողների և դասախոսների նկատմամբ պատժիչ միջոցառումներ են իրականացվելու: Նախարար Հարությունյանը պետք է նման քայլերից առաջ հիշի այսօրվա վարչապետի բուհական կարիերան, 2018 թվականի թավշյա օրերի ուսանողական և դպրոցական դասադուլները և նոր միայն որոշումներ ընդունի:

foto
Author: Eduard Saribekyan