Foto

Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացանք  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Փոխնախարար Գալյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ԵԽ երևանյան գրասենյակին՝ տևական տարիներ Քրեական դատավարության օրենսգրքի մշակման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Անդրադառնալով Օրենսգրքի նախագծին՝ Սրբուհի Գալյանը նշել է, որ ներկայում այն գտնվում է շրջանառված նախագծի վերաբերյալ ստացված կարծիքների ամփոփման փուլում, ինչին զուգահեռ կարևորել է նաև նման աշխատանքային քննարկումների կազմակերպումը:

Փոխնախարարն ընդգծել է նաև, որ Օրենսգրքի նախագիծը գտնվում է որոշիչ փուլում, քանի որ տասնամյակ տևած աշխատանքի արդյունքը մոտ է Ազգային Ժողով ներկայացվելու և օրենքի ուժ ստանալու հանգրվանին:

Այնուհետև, Օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանի կողմից մասնակիցներին ներկայացվել են նախագծի քննարկման օրակարգային հարցերը, անդրադարձ է կատարվել վարույթի հանրային մասնակիցների գործառույթներին, լիազորություններին և փոխհարաբերություններին, քրեական վարույթ նախաձեռնելուն և հանրային քրեական հետապնդմանը, քննչական, գաղտնի քննչական գործողություններին, որին էլ հաջորդել է հարցուպատասխանը: