Foto

Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 100 ցուցարար

Առնվազն 106 ցուցարար է զոհվել Իրանի 21 քաղաքներում անցյալ շաբաթ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում, որոնք սկսվել էին վառելիքի գների բարձրացման պատճառով։ Նախօրեին այս մասին հայտարարել է Amnesty International միջազգային կազմակերպությունը։

«Կազմակերպությունը կարծում է, որ իրական զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, որոշ զեկույցներով ենթադրվում է, որ զոհվել է մոտ 200 մարդ», - ասվում է Amnesty International-ի հայտարարության մեջ: Այս մասին գրում է reuters-ը։

Նշվում է, որ դիպուկահարները կրակել են ցուցարարների բազմության ուղղությամբ տանիքներից, իսկ մեկ դեպքում՝ ուղղաթիռից: Լոնդոնում գործող Amnesty International-ը հայտնել է, որ իրենց տվյալները հիմնված են վկաների հավաստի հաղորդագրությունների, հաստատված տեսանյութերի և իրավապաշտպաններից ստացված տեղեկությունների վրա:

«Զեկույցները բացահայտում են Իրանի անվտանգության ուժերի կողմից ապօրինի սարսափելի սպանությունները, որոնք կիրառել են անհամաչափ ու  մահացու ուժ՝ հիմնականում խաղաղ ցույցերը ցրելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ: