Foto

Խախտումներ` «Գորիս» ՔԿՀ-ում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներն Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.
· քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է,
· պահման պայմանները խիստ անբավարար են, առկա են խնդիրներ լոգանքի կազմակերպման հետ, անհրաժեշտ են վերանորոգման և մաքրման պատշաճ աշխատանքներ,
· պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից պատով առանձնացված չեն,
· տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար քրեակատարողական հիմնարկում բացակայում են հարմարեցվածությունները,
· չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները,
· առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ (օրինակ՝ առկա են բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրներ, ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական բժշկական զննությունը և այլն),
· անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմները,
· բացակայում են վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման պարբերական և համալիր միջոցառումները
· քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են:
Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:
Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից: