Foto

Արտագաղթի 90 տոկոս կրճատման և ստախոս ներդրողի կապը

Վարչապետ Փաշինյանը որքան շատ է փորձում արդարանալ հայտարարված բայց այդպես էլ անտեսանելի «հեղափոխական ձեռքբերումների» համար, այնքան հայտնվում է զավեշտալի իրավիճակներում:

Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանն ի լու աշխարհի հայտարարում է, որ կառավարությանը հիմնականում դիմում են ստախոս ներդրողներ, մի քանի հարց է առաջանում: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ հենց այս կառավարությանն են այդքան շատ ստախոսներ դիմում: Չի բացառվում, նույնիսկ շատ հավանական է, որ նախորդ լառավարություններին էլ են ավանտյուրիստներ դիմել, բայց կամ ընհանուր դիմողների մեծ մասը պատշաճ ներդրողներ են եղել, կամ նախորդները, ի տարբերություն ներկաների, առիթ չեն տվել ստախոսներին: Համենայն դեպս ներդրումների նախկին և ներկա վիճակագրությունը դա հաստատում է:

Հաջորդ նկատառումն այն է, որ վարչապետն այդ հայտարարությամբ ուղղակի փորձում է իրական ներդրումային առաջարկների բացակայության պատճառները սովորության համաձայն դնել ուրիշների ուսերին: Այսինքն եթե Սերժ Սարգսյանի օրոք ներդրումների պակասի հիմնական մեղավորը համաշխարհային տնտեսական ճգնաժամն է, ապա այս կառավարության փորձանքը ստախոս ներդրողներն են:

Խոսքը մեր մեջ՝ ես չեմ պատկերացնում մի մարդ, ով երկրում ներդրում անելու համարձակություն ունի, բայս ստախոս է:  Եթե նույնիսկ դա իրողություն է, ապա տարօրինակ է, որ դրանք հիմա են ի հայտ գալիս: Սա վկայում է մեկ այլ բանի մասին, որ այս կառավարությունը մագնիսի պես ձգում է հենց այդպիսիներին: Սա ավելի հնարավոր տարբերակ է, որովհետև, ինչպես հին իմաստությունն է ասում, «նման զնմանն գտանէ»: Ես չեմ զարմանում, որ Հայաստանից արտագաղթի 90 տոկոս կրճատման մասին հայտարարող վարչապետի մոտ կարող է այլ, ավելի լուջ ներդրող գալ:

foto
Author: Eduard Saribekyan