Foto

Երբ նույնիսկ «պողոսները» քեզ չեն հասկանում, թեև դեռ չեն բողոքում

Ամբողջ երկիրը սրտատրոփ սպասում էր նախարարների աշխատավարձերի կրկնակի բարձրացման վերաբերյալ վարչապետի պատասխանին: Սպասում էին նրանք, ովքեր բողոքում էին դրա և դրա գաղտնիության դեմ, «պողոսներն» էլ էին սպասում: Բայց այն ինչ արտաբերեց վարչապետ Փաշինյանը, չհասկացան ո՛չ առաջինները, ո՛չ էլ «պողոսները», թեև վերջիններս դրանից իրենց ավելի վատ չեն զգում:

Հիմա ըստ էության:

Խոսքը գնում է նախարարների, նրանց տեղակալների, գլխավոր քարտուղարների աշխատավարձերի այլ ոչ թե հավելավճարների կամ պարգևավճարների մասին, այն էլ գաղտնի ընթացակարգով: Յուրաքանչյուր գաղտնի բան իր մեջ դավադիրության որոշակի տարր է պարունակում: Այս դեպքում վարչապետն ու կառավարությունը ողջ կազմով այդ դավադրության մասնակիցն են, մանավանդ որ խոսքը գնում է բոլոր հարկատուների գումարներից վճարվող աշխատավարձի մասին, որը Հայաստանի Հանրապետությունում որոշվում է օրենքով: Հիմա Փաշինյանը պատգամավորներին իրազեկում է, իբր դրա մասին անուղղակիորեն ասվել է, իրենք էլ քվեարկել են դրան, այսինքն համաձայնել են: Բայց մի՞թե նոր Հայաստանում օրենքներն ընդունվում են, որպեսզի ամեն մեկը յուրովի մեկնաբանի, մի՞թե նոր Հայաստանում ասում ենք մի, բայց հասնամում այլ բան: Ըստ գաղափարի՝ այդպես չպետք է լիներ, որովհետև հաջորդ տարվա հոկտեմբերի 10-ին սպասում ենք 10 միլիոն ծառատունկի իսկ 2050-ին՝ եվրոգավաթի

Հիմա անմիջական շահառուների մասին:  

Մեր նախարարներից մեկը վերջերս Էմիրաթներում հանդիպել էր Զիդանի հետ և սույն փաստը որպես լուր լուսանկարով հրապարակվել էր երկրի պաշտոնական լրատվական ռեսուրսով: Արդյոք այդ նախարարի համար աշխատավարձի կրկնակի բարձրացումը ավելի պակա՞ս կարևոր էր, որ չդարձրեց հանրության սեփականությունը: Նախարարներից մյուսը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բոթոյանը խոստովանել է, որ դեռևս ապրիլից բարձր աշխատավարձ (ոչ հավելավճար կամ պարգևատրում) է ստացել, բայց չգիտես ինչու շարունակել է գաղտնի պահել այն մարդկանցից, ում սոցիալական խնդիրները լուծելուն է կոչված ըստ պաշտոնի: Կրկնելով «դասականին», պետք է հարց տամ. լավ, եթե դա աներ շրջակա միջավայրի նախարարը, որը զույգ օրերին Ամուլսարի կողմից է, կենտ օրերին՝ Լիդիանի իսկ հանգստյան օրերին անձամբ Նիկոլ Փաշինյանի, ես կհասկանայի, բա Սոցապնախարարն ինչպես է ծամում այդ հացը, երբ հարյուրավոր երեխաներ դպրոց չեն գնում, որովհետև կոշիկ չունեն, դասագրքի կամ թողթումատիտի փող չունեն:

Հիմա գաղտնիության մասին:

Վարչապետ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ գաղտնիությունը ընդամենը կառավարության աշխատակազմի կողմից իներցիայի հետևանք է, և դա անում է դեմքի անհողդողդ արտահայտությամբ: Լավ, երբ Հրայր Թովմասյանի դեպքում «բարաթը» իներցիայով մի քանի օր ուշ է տեղ հասել, երկրի կեսին արդեն բերման են ենթակել, բայց այս դեպքում կառավարությունում կոնկրետ նախագիծ է քննարկվել, դրվել քվեարկության և ոչ մեկի մտքով չի՞ անցել հարց տա, թե ինչու է դա գաղտնի ընթացակարգով արվում, մանավանդ, որ այն տարեվերջին եկամուտների հայտարարագրով երևալու էր:

Ահա և հասանք այս պատմության նոր գլխին՝ եկամուտների հայտարարագրին: Որտե՞ղ է երաշխիքը, որ ապրիլ ամսից գաղտնի ստացած եկամուտը կհայտարարագրվեր տարեվերջին: Եվ պետք չէ այստեղ լեգենդներ պատմել նախարարի բարոյական բարձր կերպարի մասին, դրա պատասխանը երրորդ պարբերության մեջ է: Իսկ գուցե այս կառավարությունը հույս չունի, թե բանն ընդհանրապես կհասնի հայտարարագրերին, գուցե արդեն ճամպրուկները կապել են ու վերջին «ալա՞ֆն» են անում:

Ասել և շարունակում եմ պնդել. սա ոչ այլ ինչ է, քան շարքային փնթի գանձագողություն, երբ հույսդ դրել ես նրա վրա, որ գանձանակը քո ձեռքում է և ոչ ոք չի իմանա դրա մասին: Իսկ եթե իմանան էլ, փույթ չէ՝ «կռուտիտի» համազգային վստահություն ունենք:

 

 

foto
Author: Eduard Saribekyan