Foto

«Գիշերով՝ մթության քողի տակ» կամ սովորական գանձագողություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով գրեթե կրկնակի բարձրացվել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը:

Վերջերս Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ երկրում փողի պակաս չկա, բայց կապիտալ ներդրումները քիչ են, որովհետև արժանի ծրագրեր չկան, իսկ անհեռանկար ներդրումները կարժեզրկեն փողը: Հավանաբար կառավարությունում գտել են հեռանկարային ներդրումների տեղը՝ սեփական գրպանը:

Տնտեսագիտական տեսանկյունից գուցե համաձայնեմ վարչապետի հետ, բայց ինչո՞վ բացատրել նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերի բարձրացումը, եթե գրեթե բոլոր ոլորտներում ձախողումներ են: Այս պահի դրությամբ միայն Վիճակագրական կոմիտեի ղեկավարի աշխատավարձը պետք է բարձրացնել, որովհետև երիրը ապրում է բացառապես վիճակագրական թվերով:

Որ Հայաստանում աշխատավարձ է բարձրանում, գովելի է, որ նախարարն ու փոխնախարան էլ են ցանկանում լավ ապրել, նույնպես չի վիճարկվում: Բայց ինչո՞ւ գաղտնի: Մի՞թե ժողովրդի «սրտի վարչապետը» իր ժողովրդից վախենալու կամ թաքցնելու բան ունի: Իսկ գուցե ունի՞: Արդյո՞ք սա վկայում է ներկայիս իշխանությունների ինքնավստահության անկման մասին, որ ցանկանում են Իլֆի ու Պետրովի հերոսների պես օր առաջ կիսել փողերը: Նախորդ իշխանությանը հաճախ էինք մեղադրում «գիշերային» որոշումների կայացման համար, բայց այս կառավարությունը ոչ մի բնագավառում չի ցանկանում զիջել դափնիները և արդեն ինքն էլ է անցել «գիշերային» ռեժիմի: Վերաձևակերպելով ժողովրդական ասացվածքը՝ ասենք. ոչ մի բան ձյան տակ հավերժ չի մնում, մի օր ամեն ինչ դուրս է գալու ջրի երես: Այդ դեպքում ո՞րն է աշխատավարձը գաղտնի բարձրացնելու նպատակը: Ի՞նչու է Նիկոլ Փաշինյանն իրեն զրկում հերթական «ձեռքբերում համար …»-ը արձանագրելու գայթակղությունից:

Հիմա կսկսեն պարզաբանումներն ու պարզաբանումների պարզաբանումները, չի բացառվում, որ մի հատ էլ նախարարությունների շարքային աշխատակիցները հանրահավաք անեն «Մեր նախարարներն էլ են ուտել ուզում» կարգախոսով: Բայց այստեղ հարցն ավելի խորքային ու սկզբունքային է. էլ ի՞նչ գաղտնի որոշումներ են կայացվել, ենթադրենք, Ալիևի հետ:

foto
Author: Eduard Saribekyan