Foto

Մոտեցել, նույնիսկ անցել ենք անդառնալիության սահմանը

Հրայր Թովմասյանի գործը կամ «ՍԴ օպերացիան» բթացրել է իշխանությունների զգոնությունը, որովհետև խնդիր է դրվել ամեն կերպ բացարձակության հասցնել «հեղափոխության հեգեմոնի» իշխանությունը:

Պետական բոլոր լծակներով փորձ է արվում տիրանալ Սահմանադրական դատարանին և այդ ճանապարհին գործիքների ու գործողությունների խտրականություն չկա: Այո՛, սա չափազանց նման է ստալինյան ռեպրեսիվ մեթոդին: Ցավոք, մեր իշխանությունների համար պատմությունը միայն միտինգներում օրինակ բերելու համար է:

Չեմ ուզում խոսել բարոյականության մասին, դա մեր օրերում ամենևին էլ ակտուալ չէ, բայց հաստատապես համոզված եմ, որ պետական կառավարման, իշխանությունների տարանջատման և հավասարակշռման տեսանկյունից մեր երկիրը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ի դեմս այս Սահմանադրական դատարանի, իրական հենման կետ  ունի և դա ոչնչացնելու, նսեմացնելու փոխարեն պետք է փայփայի: Դա բխում է հենց իշխանության շահերից, որովհետև իշխանության բացարձակությունը առաջին հերթին կկործանի իրեն:

Ամեն օր երկիրը ցնցվում է նոր ձերբակալություններից և բանսարկություններից, այն դեպքում, երբ տնտեսությունը հոգևարքի մեջ է, արտաքին մարտահրավերները իշխանություններին ստիպում են  տարերային, ցուգցվանգային որոշումներ կայացնել, փողոցում արդեն լկտիաբար ոստիկան են սպանում, երեկվա մարդասպաններն այսօր օրենքի գերակայությունց են խոսում, երեկվա հերոսներն (և ոչ միայն նախկիններից) այսօր թշնամի են նշանակվում: Մի՞թե այսքանը բավարար չէ հասկանալու, որ մոտեցել, նույնիսկ անցել ենք անդառնալիության սահմանը:

Իշխանությունների հասցեին սթափության և չափի զգացողության կոչերն այս օրերին հնչում են բոլոր կողմերից, բացի, բնականաբար, իմքայլական ճամբարից:

Անկախ հրապարակում հնչող ժողովրդասեր ու ժովրդահաճո ելույթներից՝ երկիրը դառնում է մեկ մարդու կամքի փորձադաշտ, որտեղ ժողովրդին կերակրում են օրվա սենսացիայով, տեղեկատվական սին պարծենկոտությամբ, անհասկանալի թվերով ու ամբիցիոզ տեսլականներով:

Այս կաթսան երկար չի կարող եռալ, այն անպայման կպայթի և իր բեկորներով խոցելու է ոչ միայն «հեգեմոնին», այլև իր շուրջը կուտակված պատեհապաշտներին ու, որ ամենացավալին է, մեր երկրին ու ժողովրդին:

 

foto
Author: Eduard Saribekyan