Foto

Հանդիպում-քննարկում Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Գևորգ Պետրոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը համատեղ կազմակերպել էին աշխատանքային հանդիպում-քննարկում՝ մայրաքաղաքի շուրջ 150 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպումը նպատակաուղղված էր դպրոցներում երեխաների անվտանգության ապահովմանը, պաշտպանվածության բարձրացմանը, ինչպես նաև հակահրդեհային քարոզչական, խորհրդատվության և իրազեկման աշխատանքների միջոցով ներկաներին՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, կանոններին, նորմերին ծանոթացնելը:
Տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետը տնօրեններին ներկայացրեց վերջին շրջանում Տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից դպրոցներում և կրթական այլ հաստատություններում իրականացված նպատակային հրդեհատեխնիկական հետազոտությունների ընթացքում արձանագրված խախտումները և թերությունները:
Մեծամասամբ դրանք վերաբերում էին հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով չկահավորված կամ ոչ պատշաճ կահավորված լինելուն, դպրոցներում շինարարական հիմնատարրերը հրապաշտպան լուծույթով մշակված չլինելուն, կաթսայատներում տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության դրական եզրակացության առկա չլինելուն, էլեկտրական հաղորդալարերը էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների համաձայն մոնտաժված չլինելուն, հրդեհաշիջման սկզբնական միջոցներով ապահովված չլինելուն, դպրոցներից շատերում արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված հրշեջ հիդրանտների բացակայությանը և մի շարք այլ խնդիրների:
Տեխնիկական անվտանգության պահանջների համապատասխանության, տեխնիկական վթարներից խուսափելու և դրանք ժամանակին կանխարգելու նպատակով բաժանմունքի գլխավոր մասնագետ Կարեն Կարապետյանը՝ հստակ և տարանջատված կետերով ներկայացրեց հրդեհային անվտանգության նորմերի պահպանման և կիրառման կանոնները, որոնք Տեսչական ստուգումների ժամանակ հնարավորություն կտան խուսափելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումից:
Հանդիպման երկրորդ մասում տնօրենների և Տեսչական մարմնի ներկայացուցիչների միջև ծավալվեց ակտիվ քննարկում: Տնօրեններից շատերը բարձրաձայնեցին դպրոցներում առկա խնդիրները և դրանց լուծման հետ կապված մի շարք դժվարություններ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն էլ, իր հերթին, տնօրեններին հանձնարարեց գույքագրել իրենց կողմից ղեկավարվող հաստություններում առկա խնդիրները, դրանք ներկայացնել քաղաքապետարանի համապատասխան վարչություն և փորձել համատեղ և միասնական ջանքերով լուծումներ գտնել մնացյալ խնդիրների արագ կարգավորման համար:
Տեսչական մարմնի ներկայացուցիչներն էլ հորդորեցին բոլոր առաջարկները, խնդիրները, դրանց կարգավորման առաջիկա քայլերի մասին տեղեկացնել Տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանմանը, այդպիսով փորձելով հնարավորության սահմաններում մասնագիտական համատեղ ինտենսիվ աշխատանք կատարելով՝ նվազագույնի հասցնել, շտկել բացթողումները, թերությունները և կարգավորել խախտումները: