Foto

«Ryanair»-ի հակառակ կողմը

Քաղաքացու որոշում ՍԴԿ քարտուղար Սուրեն Սահակյանն համացանցի իր էջում գրառում է կատարել, ըստ որի  երկրի ավիացիայի շուկա լոուքոսթեր բերելու համար յուրաքանչյուր տեղափոխված ուղևորի համար ավիաընկերությունը, բացի ուղևորի վճարած տոմսի արժեքից, գումար է ստանալու նաև պետական բյուջեից։ 

Այս օրերին «Ryanair»-ի մոտքը հայաստանյան շուկա շատ գովերգվեց, բազմաթիվ հիացական կարծիքներ եղան, նույնիսկ վարչապետ Փաշինյանն իր աչքերին չէր հավատում (համենայն դեպս այդպիսի գրառում էր արել ՖԲ իր էջում), սակայն տողատակերի մասին լռում են, նույնիսկ՝ Փաշինյանը, ով դժվար թե տեղյակ չլինի գործարքի մանրամասներին: Իսկ որքա՞ն է վճարելու Հայաստանի քաղաքացին Իտալիա կամ Գերմանիա մեկնող յուրաքանչյուր ուղևորի համար: Սխալ է, երբ պետությունն իր մի քաղքացուն ծառայություն է մատուցում իր մեկ այլ քաղաքացու հաշվին (իսկ բյուջեն բոլորիս հարկերից է ձևավորվում) և չի բարձրաձայնում դրա մասին, չի հարցնում հանրության կարծիքը: Այո, լոուքոսթերը էժան հաճույք է, բայց այն նույնպես գին ունի և առաջին հերթին պետք է արդարացնի այդ ծախսերը: Պետք է կառավարությունը հստակ ներկայացնի, թե հարկատուների հաշվին կատարած յուրաքանչյուր ներդրումային դրամը ինչ եկամտաբերություն ունի: Ավելին, եթե այդ գումարները տրվում են պետբյուջեից, արդյոք դա չպետք է քննարկվի խորհրդարանում, թե՞ դրա կարիքն արդեն չկա, որովհետև պատգամավորների մեծամասնությունն արդեն տոմսերն առել են:

Հանրությունը վաղ թե ուշ պետք է ստանա այս հարցի պատասխանը, այլապես կստացվի, որ հերթական պյուռոսյան հաղթանակն ունենք, հերթական շոուն ենք հրամցնում ժողովրդին, որն արդեն դադարել է իրադարձությունների բովանդակությունը քննարկելուց և ծափահարում է «օջախի» մասին կենացներին:

Մի նկատառում էլ. լուքոսթերով մեկնող յուրաքանչյուր ուղևորի վրա սրանով նաև բարոյական բեռ է դրվում և դա պետք է հանգամանորեն պատճառաբանվի:

Հուսով եմ՝ Քաղավիացիայի վարչությունը հանգամանորեն կներկայացնի գործարքի մանրամասները:

foto
Author: Eduard Saribekyan