Foto

Արցախի ՄԻՊ-ն ԱՄՆ Հայ իրավաբանների միության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցեր

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության մարդու իրավունքների կոմիտեի համանախագահներ Գարո Ղազարյանին և Գառնիկ Քերքոնյանին: Պաշտպանը ողջունել է միության պատվիրակության հերթական այցն Արցախ՝ բարձր գնահատելով կազմակերպության հետ ձևավորված համագործակցությունը և նրանց տևական ուշադրությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների վրա:

Գարո Ղազարյանը և Գառնիկ Քերքոնյանն իրենց հերթին գոհունակություն են հայտնել զարգացող համագործակցության արդյունքներից՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերն արդյունավետության հետագա բարձրացման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Արտակ Բեգլարյանի՝ Կալիֆորնիա այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ:

Միության պատվիրակությունը, պաշտպանի միջնորդությամբ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել պետական այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև դասախոսությամբ հանդես եկել Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների համար: