Foto

2050-ը հեչ, կարևորը թանկանոց ֆլեշմոբն է

Պարզվում է, որ «օջախի» և «ընտանիքի» վերաբերյալ ամենուր տեղադրված գովազդային վահանակները հենց այնպես չեն Հայաստանի ժողովրդի գրպանին գրեթե 49 միլոն դրամ արժեցել, այլ Նիկոլ Փաշինյանի «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու համար:

Ակամայից հիշեցի «Մենք ենք, մեր սարերը» հայտնի ֆիլմի հերոսներին, երբ միլիցիոների առաջ արդարանում էին, թե «Մեր Ռևազն է, ուրեմն կերել ենք մեր Ռևազի ոչխարները»: Ասել է, թե՝ Նիկոլի կառավարությունն է, Նիկոլի տեսլականնը պիտի գովազդի: Դեռ մի կողմ թողնենք, որ այդքան մեծ գումարի գնումը կատարվել է մեկ աղբյուրից, ոչինչ, որ ոչ ոք չի կարողանում հոդաբաշխ բացատրել, թե ի՞նչ կապ ունի ձեռագիր ֆլեշմոբը Հայաստան 2050-ի հետ: Առվել հետաքրքիր է ինքը՝ 2050-ի տեսլականը, որ հնչեցրեց ՀՀ վարչապետը Արցախի մայրաքաղաքում:

Ըստ այդ արդեն «ռազմավարություն» կոչվող ճառի՝ 2050-ին Հայաստանի բնակչությունը պետք է հասնի 5 միլիոնի: Իհարկե, ես երազում եմ, որ մենք մեր օջախում ոչ թե 5, ալլ 15 միլիոն լինենք, բայց երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր 4 միլիոնի մասին, նույնիսկ այն ժամանակվա ընդիմմադիրներից շատերը, ովքեր այսօր իշխանություն են, թերահավատորեն էինք նայում այդ հեռանկարին, որովհետև դրա համար անհրաժեշտ տնտեսական, սոցիալական նախադրյալները ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա չկան: Սակայն «Լրատվական ռադիոյի» (106.5 FM) եթերում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր «պարզություն» մտցրեց թվաբանության մեջ: Ըստ Սինանյանի՝ 5 միլիոնին հասնելու մեր տեսլականը իրագործելի է նաև ոչ հայ, նույնիսկ ոչ քրիստոնեա, սակայն մշակույթով, մենթալիտետով ու ճակատագրով մեզ նմանվող, հայրենազուրկ ժողովուրդների հաշվին, այն ժողովուրդների՝ ում բախտ չի վիճակվել ունենալ սեփական պետությունը: Թվաբանությունը պարզ է, մենք մեր երկրում մոտ 2.5 միլիոն ենք, մի այդքան էլ «հրավիրում ենք» դրսից ու վերջ: Իհարկե, Գլխավոր հանձնակատարը բարձրաձայնում է այն, ինչը քննարկվում է կառավարության՝ Նիկոլի՛ կառավարության աշխատասենյակներում, բայց այսօր ուրիշը չունենք:

Լա՛վ, սա էլ թողնենք մի կողմ, ասենք թե հրավիրեցինք, միայն անկախ պետականությունը բավակա՞ն է, որ Մերձավոր արևելքի փոքր ժողովուրդների մարդիկ գան Հայաստան (հնդիկների ու չինացիների մասին Սինանյանի հետ լռում եմ), նրանց ի՞նչ սոցիալական, քաղաքական երաշխիքներ, ի՞նչ կենցաղային պայմաններ են առաջարկվելու: Եթե այդպիսի իրական պայմաններ կան, ինչո՞ւ մեր արտագաղթած հայրենակիցները չեն վերադառնում, ինչո՞ւ են մեր երիտասարդ ընտանիքները վախենում շատ երեխաներ ունենալուց, ինչո՞ւ են մեր աշխատունակ տղամարդիկ ռուսաստաններում խոպան գնում: Այստեղ էլ հիշեցի «Ոսկե ցլիկի» Նաջարյանին, որ ասում էր «Հատուկ պայմաններ ձեր կովերի համար ստեղծեք»:

Ստացվում է, որ էական չէ, թե տեսլականդ որքան է իրատեսական, կարևորը՝ որ հիմա, քանի դեռ վարչապետ ես, դրա ուղերձները «ռասկրուտկա» անելու վրա իրական գումարներ կարող ես լվանալ:

Թե բա՝ «ֆլեշմոբ», չէ մի՝ Նաբուգոդոնոսոր…

 

foto
Author: Eduard Saribekyan