Foto

Բոլորը մեղավոր են, բացի իշխանություններից

Իշխանություններն ու վարչապետը տնտեսական հեղափոխության մասին խոսում են ամենուր, բոլոր հարթակներում կոչ են անում ներդրումներ կատարել Հայաստանում, բնակարան գնել, վերադառնալ հայրենիք, բայց սայլը տեղից չի շարժվում:

Հիմա էլ «գտել» են հերթական մեղավորին՝ բրոկերներն են մեղավոր, որ տների գները բարձրացել են ու չեն վաճառվում:

«Զուլում» տնտեսագետ պետք չէ լինել, հասկանալու համար, որ բրոկերները շահագրգռված են շատ վաճառել, որ շատ վաստակեն, իսկ շատ վաճառելու համար պետք է էժան վաճառել: Ա՛յ իրական պատճառները գտնելու համար իրոք լավ տնտեսագետ պետք է լինել: Կա՞ մեկը, որ բնակարանների թանկացման պատճառները փորձի փնտրել երկրում վարվող հիպոթեքային քաղաքականության, գույքահարկի առաջարկվող փոփոխությունների կամ կապիտալ շինարարության ծավալների նվազման մեջ: Համենայն դեպս, գոնե ոլորտի պատասխանատուների շարքերից ես դեռ չեմ հանդիպել:

Միայն անշարժ գույքի ոլորտը չէ, որտեղ «դրսից» մեղավորներ են նշանակվում: Նույն բանը ներդրումների, բնապահպանության, աշխատաշուկայի, կրթության  ու մյուս ոլորտներում է:

Օրինակնե՞ր, խնդրեմ:

Հոկտեմբերի սկզբին Երևանում անցկացվում էր Եվրասիական գործընկերության միջազգային չորրորդ համաժողովը: Տարբեր երկրներից խոշոր գործարարները Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հրավերով հավաքվել էին քննարկելու Հայաստանի հետ համագործակցության, ներդրումներ կատարելու հնարավորությունները: Ի՞նչ էք կարծում, կառավարությունից քանի՞ հոգի էր մասնակցում համաժողովին, քանիսի՞ն է իրապես հետաքրքրում երկրում տնտեսական հեղափոխությունը, բացի դրա մասին բարձր ամբիոններից գովազդելը. ՈՉ ՄԵԿԸ: Ո՞վ է մեղավոր՝ արտասահմանցի ներդրողը, որ ողջ երկրում ոչ մի չինովնիկ չգտավ այդ օրը:

Մի այլ դրվագ: Կառավարության նիստերի ընթացքում, հենց խոսք է գնում Սևանի մասին, Նիկոլ Փաշինյանը «ձեռքը տանում է դեղերին»: Գարնանը Արտակարգ իրավիճակների նախարարը հայտարարեց, որ այս տարի լճի մակարդակը մոտ 40 սմ-ով (կոնկրետ թիվը չեմ հիշում) բարձրանալու է: Ի՞նչ եք կարծում, Սևանն այդքան բարձրացե՞լ է, Սևանում կապտականաչ ջրիմուռները վերացե՞լ են, Ցոլակյանը վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվե՞լ է: Իհարկե՝ ոչ: Արդյունքում ունենք այն, որ Փաշինյանն այսօր արդեն հորդորում է զբոսաշրջիկներին Սևան չտանել, որովհետև ափամերձ օբյեկտները «կատաստրոֆիկ» չափերով աղտոտել են տարածքը: Այն օբյեկտները, որոնց տերերը ամռանը ճանապարհ էին փակում ու որոնց բիզնեսին սատարելու համար պետական պաշտոնյաները նույնիսկ լճի կանաչած ջուրն էին խմում տեսախցիկների առաջ: Մի գաղտնիք էլ բացեմ, որը ցանկացած մեկը կարող է հենց այսօր ստուգել. Սևանի մակարդակը ոչ մի սանտիմետր էլ չի բարձրանա և դրա պատճառը ոչ թե ափամերձ օբյեկտների ու ամառանոցների տերերն են, այլ այն, որ նույնիսկ մի քանի սանտիմետրով բարձրանալու դեպքում ջուրը կծածկի Մարտունի-Վարդենիս ստրատեգիական նշանակության ավտոմայրուղու զգալի մասը: Ո՞վ է մեղավոր՝ ափամերձի գործարարը:

Մի խոսքով՝ եթե ինչ-որ մեկին ձերբակալում են, դա իշխանությունների հաջողությունն է, իսկ երբ մեղադրանքը չի հաստատվում՝  հակահեղափոխականները կան ու կան:

Հ.Գ. Կառավորության նիստերի դահլիճում տեղական արտադրության համակարգիչներ են դրված, բայց այս օրերին WCIT-2019-ը հյուրընկալող երկրի նախարարները օգտագործում են իրենց սեփական արտասահմանյան համակարգիչները: Ո՞վ է մեղավոր՝ ես չգիտեմ, գուցե Չերչի՞լը:

foto
Author: Eduard Saribekyan