Foto

Փորձարկել են հակաօդային և հակատանկային պաշտպանության նոր զինատեսակներ. ԳՇ պետ

Հայկական Զինված ուժերում անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում փորձարկվել են նոր զինատեսակներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նրա խոսքով՝ նոր զինատեսակները հիմնականում վերաբերում են հակաօդային և հակատանկային պաշտպանությանը։ «Մասնավորապես, հակաօդային պաշտպանության առումով մենք ավելացրել ենք հնարավորությունները՝ հեռավորություն, բարձրություն և ավելի փոքր արտացոլող մակերեսներով սարքերը խոցելու վերաբերյալ։ Որոշակի զինատեսակներ նաև արդիականացվել են, որի ապացույցը եղավ Պաշտպանության բանակի կողմից անօդաչու թռչող սարքի խոցումը։ Կարող է շատ փոքր մակերես ուներ տվյալ անօդաչու թռչող սարքը և նախկինում չէր հաջողվի ՊԲ-ին նման խնդիրներ կատարել։

Դա նույնպես արդիականացման արդյունք էր»,- նշեց Դավթյանը։ Նրա խոսքով՝ հակատանկային միջոցների մասով մեծացել է հեռահարությունը։

«Մոտավորապես, մեր ունեցած միջոցներից՝ երկու անգամ, և որոշակի աշխատանքներ են տարվել, որպեսզի հակատանկային միջոցներ անմիջապես կիրառող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակությունը մարտի դաշտում ավելի մեծանա»,- ասաց ԳՇ պետը։ Նա նաև ընդգծեց, որ զորավարժությունների ընթացքում իր համար հատկապես ուրախալի էր ՊԲ խոշոր տրամաչափի հեռահար համազարկային կրակային միջոցների՝ «Սմերչ»-երի, ներդաշնակ կիրառումը։

Ինչը վերաբերում է միջոցների ձեռքբերմանը, ԳՇ պետը նշեց. «Մենք հիմա էլ ձեռք ենք բերում և ընթացիկ կլինեն, հիմնականում մենք փորձում ենք ձեռք բերել այն սպառազինությունը, ռազմական տեխնիկան, որը պահանջում է քիչ անձնակազմով լավ ուսուցված անձնակազմով, արդյունավետ խնդիրների կատարում»։