Foto

Բաբաջանյանի հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով: Այս  մասին տեղեկացնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյան այսօր գրել է՝ նախորդ շաբաթ Ազգային Ժողովում Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ներկայացրել է  «այն հանցավոր սխեման, որով՝ մի շարք օրենքների խախտմամբ Հրայր Թովմասյանը 2018 թվականին դարձել է Սահամանդարական դատարանի անդամ, ապա ՍԴ նախագահ, մի գործընթաց, որը տեղի է ունեցել ՍԴ նախագահին ներկայացվող անհամատեղելիության պահանջի կոպտագույն խախտմամբ, քանի որ Հրայյր Թովմասյանը դե յուրե Ազգային Ժողովի պատգամավոր է եղել մինչև 2019 թվականի հունվարի 14՝ մինչև 7-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նստաշրջանը:

Նույն հիմքերով ես հանցագործության մասին հաղորդում եմ ներեկայացրել Գլխավոր Դատախազությանը՝ պահանջելով Հրայր Թովմասյանի արարքին տալ քրեաիրավական գնահատական:

Զուգահեռաբար Ազգային Ժողովում ես շրջանառության մեջ եմ դրել նախագիծ նույն հիմքերով Հրայր Թովմասյանի լիազորությունները դարդարեցնելու վերաբերյալ Սահմանադրական Դատարան դիմելու մասին։

Օրինագծին քաղաքական աջակցություն ստանալու նպատակով դիմել եմ Ազգային ժողովի երեք խմբակցությունների՝ Իմ քայլը խմբակցության, Բարգավաճ Հայաստան խմբակցության և Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարներին՝ ակնկալելով նրանց դրական պատասխանը»։