Foto

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ պետության ղեկավարի առաքելության իրականացման եւ Ձեր բոլոր ծրագրերի ու գաղափարների կյանքի կոչման գործում:

Շատ ուրախ էի, որ առիթ ունեցա հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում: Մեր երկկողմ հանդիպումը Երեւանում եւ դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատում են փոխըմբռնման եւ բարեկամության բարձր մակարդակը, որը բնորոշ է մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ դաշնակցային հարաբերություններին:

Շնորհակալ եմ պաշտոնական այցով Ռուսաստան այցելելու հրավերի համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առավել ամրապնդել մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերությունը եւ գտնել նոր ուղիներ դրա հետագա կատարելագործման համար` ժամանակակից պահանջներին եւ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

անկեղծորեն մաղթում եմ Ձեզ եւ Ձեր հարազատներին ու մտերիմներին քաջառողջություն, բարօրություն եւ երջանկություն»: