Foto

Հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշիի աճյունի մի մասը վաղը կցրենք Շուշիում. Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ

Մենք այստեղ ենք գտնվում «Ռուսաստանի հայերի միության օրերն Արցախում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2001 թվականին:
ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը՝ նշելով, որ այս տարի մեծ թվով ռուսաստանաբնակ հայեր են այցելել Արցախ և Հայաստան:
Խոսելով ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին՝ Լ. Ղուկասյանը տեղեկացրել է, որ վաղը՝ հոկտեմբերի 5-ին, նվերներով կայցելեն ԱՀ կրթական հաստատություններից մեկը:
«Մեր հիմնական առքելությունն այն է, որ ռուս հայտնի գրող, կինոդրամատուրգ, հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշին իր կտակում գրել էր, որ իր աճյունի մի մասը Հայաստանում և Շուշիում ցրեն: Ռուսատանի հայերի միության պտվիրակությունը վաղ Շուշիում կիրականացնի այդ աշխատանքները: Կարծում եմ, այն կդառնա սրբատեղի և զբոսաշրջիկները՝ այցելելով այդ վայրը, կիմանան, որ օտարազգի քաղաքացին որքան է սիրել հայ ժողովրդին»,-մասնավորպես ասել է Լ. Ղուկասյանը և նշել, որ 2020 թվականին իրենք Կրեմլում նշելու են Ռուսատանի հայերի միության 20-ամյակին նվիրված միջոցառումներ, որին մասնակցելու համար հրավիրել են նաև ԱՀ ղեկավարությանը:
Մեր զրուցակիցի խոսքով՝ այցելելով Արցախ իրենք ոգևորվում են և ուրախանում յուրաքանչյուր հաջողության համար: