Foto

Վիճակախաղերի կազմակերպումը կթույլատրվի միայն 4 քաղաքներում

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը և բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում ընդունվեց 93 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում արվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, բուքմեյքերական գրասենյակների տարածքը չպետք է գերազանցի 200 քառ. մետրը: Օրենքի ընդունումից հետո ՀՀ տարածքում բուքմեյքերական գրասենյակներ առկա են լինելու հետևյալ տրամաբանությամբ՝ ամեն կազմակերպությունից  յուրաքանչյուր մարզկենտրոնում, ինչպես նաև Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում կլինեն մեկական բուքմեյքերական գրասենյակներ: Բուքմեյքերական գրասենյակներ կլինեն նաև այն 4 քաղաքներում (Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի և Սևան), որտեղ առաջարկվող նախագծով թույլատրում է խաղատների գործունեությունը:

Օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից: