Foto

Խորհրդարանում ընդունել են Կիպրոսի Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը

Սեպտեմբերի 27-ին Աշոտ Ղուլյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանը և Կիպրոսի ՀՅԴ կոմիտեի անդամ Րաֆֆի Մահտեսեանը:
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է Կիպրոսի և հայ ժողովուրդների պատմությունների և ճակատագրերի նմանությունը և համոզմունք հայտնել, որ պարբերական հանդիպումները հնարավորություն են ստեղծում միմյանց ճանաչելու և երկու երկրների քաղաքների միջև կապերը մշտական դարձնելու համար:
Խոսելով Կիպրոսի հետ հարաբերությունների մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Արցախի արհեստական մեկուսացվածության պայմաններում այն նաև պատուհան է դեպի Եվրոպա: Նա նաև հույս է հայտնել, որ հանձին Կիպրոսի, Արցախը կունենա իր իրավունքների ու շահերի պաշտպանը Եվրոպական խորհրդարանում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սթրովոլոս քաղաքի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսը անդրադարձել է Կիպրոսում բնակվող հայ համայնքին և նրա գործունեությանը: Շեշտելով երկու ժողովուրդների պատմական անցյալի նմանությունը՝ նա նշել է, որ արդի մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է, որ երկու ժողովուրդները միասնական լինեն: Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ այն կլուծվի խաղաղ ճանապարհով՝ հարգելով մարդու հիմնարար իրավունքները և միջազգային իրավունքի այլ դրույթներ:
«Համոզված եղեք, որ այս պահից Արցախի պայքարի դեսպաններն ենք ոչ միայն Կիպրոսում, այլև՝ ամբողջ աշխարհում»,- նշել է Անդրեաս Պապախարալամպուսը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի և Կիպրոսի խորհրդարանական հարաբերություններին, մարդասիրական ոլորտում համագործակցելու հեռանկարներին, ենթակառուցվածքների զարգացման գործում փորձի փոխանակմանը և այլ հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի նախագահ Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:
Պատվիրակության ադամներն այնուհետև հանդիպել են «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամներին:
Հանդիպման ընթացքում բարեկամական խմբի նախագահ Վահրամ Բալայանը հյուրերին է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կառուցվածքը, խոսել երկրի կառավարման համակարգի, տնտեսական ցուցանիշների և անվտանգությունն ապահովող պաշտպանության բանակի մասին:
Բարեկամական խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում փոխգործակցության, ինչպես նաև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում փորձի փոխանակման և ընդգրկուն համագործակցության հնարավորությունները: Երկուստեք կարևորվել են Արցախի և Կիպրոսի հարաբերությունների խորացմանն ուղղված աշխատանքների և տեղական ինքնակառավարան մարմինների միջև համագործակցության շարունակականությունը: